Մանկապարտեզները չջեռուցելու պատճառով տնօրեններ են ազատվել աշխատանքից

Մանկապարտեզները չջեռուցելու պատճառով տնօրեններ են ազատվել աշխատանքից

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էմանկապարտեզներում անհրաժեշտ և համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար աշխատանքից ազատել Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների թիվ 28, 37 և 46 մանկապարտեզների տնօրեններին:

Հանձնարարվել է նաև խիստ նկատողություն հայտարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետին և թիվ 40 մանկապարտեզի տնօրենին:

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում շարունակվում է հսկողությունը ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ, ավելի վաղ տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում տեղ են գտել հրապարակումներ, համաձայն որոնց որոշ մանկապարտեզներում ջեռուցման համակարգերը դեռևս միացված չեն:

Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մանկապարտեզներում ջեռուցման համակարգի հետ կապված խնդիրներին:

«Արդեն մի քանի տարի է` հստակ հայտարարում եմ, որ ջեռուցման սեզոնի մեկնարկ հասկացություն գոյություն չունի: Մեկնարկը տրվում է այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա, եթե անգամ դա լինի օգոստոս ամսին: Ըստ այդմ նաև համապատասխան լիազորություններ ենք տվել բոլոր կրթօջախների տնօրեններին, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում գործարկեն ջեռուցման համակարգերը:

Եվ այս ամենից հետո ուղղակի աններելի է որոշ տնօրենների անպատասխանատու վարքագիծը: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները ևս տրամադրված են, ու անհասկանալի է, թե ի՞նչն է նման վարքագծի պատճառը: Փորձում են տնտեսում անե՞լ: Ի վերջո խոսքն այս դեպքում մեր երեխաների առողջությանն է վերաբերում, ու նրանց առողջության հաշվին տնտեսում անելու փորձ կատարող տնօրենները միանշանակ պետք է ենթարկվեն պատասխանատվության», - ընդգծել է Մարգարյանը:

Հանրակրթության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է արձանագրված բոլոր դեպքերը մանրակրկիտ ուսումնասիրել ու պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր թերացել են: Բացի այդ, հանձնարարվել է նաև մշտական հսկողության տակ պահել հարցն ու անմիջապես արձագանքել այդ մասով ստացվող ահազանգերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---