Պահեստազորի սպաների միության կոչն աշխարհազորայիններին. Պատրաստ եղեք իրադարձությունների ցանկացած զարգացմանը

Պահեստազորի սպաների  միության կոչն աշխարհազորայիններին. Պատրաստ եղեք իրադարձությունների ցանկացած զարգացմանը

PanARMENIAN.Net - «Պահեստազորի սպաների համահայակական միությունը» կոչ է անում ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը և գործակցելով բանակի հրամանատարության հետ` այս օրերին ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացմանը:

Միությունը նշում է, որ վերջին օրերին Ադրբեջանի ու նրա դաշնակից պետությունների քարոզչամեքենաների կողմից նպատակային կերպով կրկին շրջանառվում է տևական ու որոշիչ պատերազմ սանձազերծելով` Արցախյան հիմնախնդիրը Բաքվի կողմից ուժի միջոցով լուծելու անխուսափելիության գաղափարը:

Միաժամանակ, անթաքույց հայտարարվում է, որ արվում է ամեն ինչ` Պակիստանից ձեռք բերվելիք կես միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինությունը հնարավորինս արագ Ադրբեջան հասցնելու համար:

«Պահեստազորի սպաների համահայակական միությունը» հիշեցնում է, որ նոյեմբերի 11-ից 18-ն անցկացվելու են ադրբեջանական բանակի պատմության մեջ թերևս ամենախոշոր զորավարժությունները, որոնցում կներգրավվեն ավելի քան 60.000 զինծառայող, 700 հրթիռահրետանային կայանք, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ինչպես նաև մոտ հինգ տասնյակ մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ:

«Բնական է, որ այս ամենը կատարվելով ալիևյան իշխանությունն ամրապնդող սահմանադրական լայն վերաձևումների համապատկերին, չի կարող պարզ զուգադիպություն լինել: Եվ մինչ մենք մեր ուշադրությունը բևեռել ենք նորանշանակ կառավարության գործունեության վրա, հակառակորդը մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի է բերում իր գրեթե ամբողջ բանակը, և զուգահեռաբար գործարկելով տեղեկատվական պայքարի ամբողջ զինանոցը, հասկացնում է, որ փորձելու է հասնել ապրիլյան օրերին չիրականացած իր նպատակներին:

Պատմությունը վկայում է, որ մենք եթե մեր իսկ մեղքով անակնկալի չենք եկել, միշտ անպարտելի ենք եղել», - ասված է հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ, Times.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ անհանգստանալու որևէ առիթ չկա։

«Դա բացառապես «Պահեստազորի սպաների համահայկական միության» կարծիքն է։ Հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, հավանաբար այն ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը», ֊ ասել էՀովհաննիսյանը Times.am-ին՝ հավելելով, որ ՀՀ ռազմական գերատեսչությունն ուշադիր հետևում է հակառակորդի գործողություններին և մշտապես, ըստ անհրաժեշտության, արձագանքում է բոլոր տիպի մարտահրավերներին։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ: Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին:

Կարդացեք նաև՝ Նալբանդյան. Ադրբեջանում նախատեսված լայնածավալ զորավարժությունները սադրիչ դրսևորումներից են

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---