ՀՀ էկոտուրիզմն ու արկածային զբոսաշրջությունը` Լոնդոնի խոշոր ցուցահանդեսում

ՀՀ էկոտուրիզմն ու արկածային զբոսաշրջությունը` Լոնդոնի խոշոր ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ` տեղական երեք զբոսաշրջային ընկերություն նոյեմբերի 7-9-ը Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում միասնական տաղավարով մասնակցում են WTM 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

World Travel Market-ն աշխարհում մեծությամբ երկրորդ զբոսաշրջային ցուցահանդեսն է, որտեղ հայաստանյան տաղավարն այցելուներին ներկայացնում է մեր երկրի` էկոտուրիզմի ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները, ցուցադրում նաև դեպի առաջին քրիստոնեական երկիր ուխտագնացության զբոսաշրջային ուղղությունը: Հայկական զբոսաշրջային կազմակերպությունները Լոնդոն են մեկնել՝ գործընկերներին հանդիպելու, նոր կապեր հաստատելու, հնարավոր պայմանագրեր կնքելու:

«Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների մասնակցությամբ մենք ապահովում ենք Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացումն ու մեր երկրի մասին իրազեկվածության բարձրացումը համաշխարհային շուկայում: Լոնդոնյան ցուցահանդեսը, հատկապես, թույլ կտա ոչ միայն եվրոպացի, այլև աշխարհի 180-ից ավելի երկրի զբոսաշրջային կազմակերպություններին, գործակալներին և այցելուներին ներկայացնել դեպի Հայաստան և Արցախ գրավիչ տուրիստական ուղղությունները»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը:

37-րդ անգամ անցկացվող լոնդոնյան ցուցահանդեսին վերջին տարիներին մասնակցում է ավելի քան 5.000 ընկերություն և 50.000 այլ մասնակից՝ մոտ 180 երկրից, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն:

Հոկտեմբերին Փարիզում IFTM Top Resa-2016 ամենամյա միջազգային ցուցահանդեսին մասնակցության արդյունքում Հայաստանի զարգացման հիմնադրամը պայմանավորվածություն է ձեռք բերել 2017-ի հունիսին Հայաստանում հյուրընկալելու 160 տուրիստական գործակալի, որոնք սեփական ծախսերով կժամանեն մեր երկիր՝ ծանոթանալու այստեղի զբոսաշրջային հնարավորություններին և Հայաստանն իրենց տեղեկատվական նյութերում ներառելու համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---