ՀՀ ԱԺ նախագահի վերընտրությունն էական նախադրյալ կծառայի Հայաստան-ԼՂՀ համագործակցության ընդլայնման համար

PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Թորոսյանին` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «ԼՂՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նախորդ գումարումների ՀՀ Ազգային ժողովում Ձեր բեղմնավոր գործունեությունը, երկրի հասարակական-քաղաքական կյանքում ժողովրդավարական արժեքների արմատավորման եւ ամրապնդման, խորհրդարանական ավանդույթների ձեւավորման ասպարեզում ներդրած ուրույն ավանդը հիմք են տալիս հիմնավոր լավատեսությամբ համակվելու խորհրդարանի ղեկավարի Ձեր նաեւ հետագա առաքելության նկատմամբ:Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում Ձեր` որպես ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարի, առ այսօր գործադրած ջանքերն արցախահայության ինքնորոշման եւ անկախ պետականության կերտման իրավունքի ու կամքի պաշտպանության գործում, ՀՀ-ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահի Ձեր շահագրգիռ մասնակցությունը ԼՂՀ օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Համոզված ենք` ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ձեր վերընտրությունն էական նախադրյալ կծառայի առաջիկա տարիներին նույնպես մեր համագործակցության ընդլայնման եւ աշխուժացման համար: Ընդունեք մեր լավագույն բարեմաղթանքները»,- հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---