ՀՀ-ն համարվում է ծերացող երկիր. Ծնելիությունը նվազել է 2,3%-ով

ՀՀ-ն համարվում է ծերացող երկիր. Ծնելիությունը նվազել է 2,3%-ով

PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2016-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին արձանագրված ժողովրդագրական պատկերը: Նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշել է, որ Հայաստանում նվազել են ծնելիության և մահացության ցուցանիշները: Ըստ նրա` ծնունդների թիվը տասը ամսվա ընթացքում կազմել է 29.914 և 2,3 տոկոսով նվազել է` նախորդ տարվա համեմատ, իսկ մահացության ցուցանիշը կազմել է 20.427 մարդ, նվազել է 2,5 տոկոսով:

«1000 բնակչի հաշվով ծնելիությունը կազմում է 13,3 պրոմիլ: Միջին հանրապետական ցուցանիշը գերազանցում են Երևանը, Արարատի ու Կոտայքի մարզերը, մնացած բոլոր մարզերում ծնելիությունը նվազել է: Ծնելիության ցուցանիշն ամենացածրը Սյունիքի և Տավուշի մարզերում է: Իսկ մահվան ցուցանիշը ամենաբարձրը Լոռու, Տավուշի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում է»,- ասել է Կույումջյանը, գրում է Yerkir.am-ը:

Մահացության պատճառներից առաջին տեղում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (47,9), որին հաջորդում են նորագոյացությունները (19,8 տոկոս), շնչառական օրգանների հիվանդությունները (8,2 տոկոս), իսկ վարակիչ հիվանդություններից մահացությունը կազմել է 0,9 տոկոս:

«Հայաստանը համարվում է ծերացող երկիր, քանի որ մեր բնակչության մեջ ավելանում են կենսաթոշակային տարիքի մարդիկ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` եթե հասարակության մեջ ծերերի թիվն անցնում է ընդհանուր բնակչության 7 տոկոսը, երկիրը ծերացող է, իսկ մեզ մոտ ծերերի թիվը բնակչության 10,9 տոկոսն է: Ասեմ նաև, որ կյանքի տևողության միջին տարիքը տղամարդկանց մոտ 71,7-ն է, իսկ կանանց մոտ` 78,2»,- ասել է Կույումջյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---