Լեռնային Ղարաբաղի պետական հաստատությունները շատ ավելի արդյունավետ են, քան ադրբեջանականները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի պետական հաստատությունները շատ ավելի արդյունավետ են, քան ադրբեջանականները, եւ հենց պետական կայացումը թույլ չի տալիս դիտարկել չճանաչված պետությունները որպես «հրոսակային անկլավներ»: Այդպես է կարծում Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի պետ Սերգեյ Մարկեդոնովը: «Այնպիսի չափանիշը, ինչպիսին ռեժիմի ժողովրդավարության աստիճանն է, նույնպես միշտ չէ, որ աշխատում է ճանաչված եւ չճանաչված պետությունների համեմատության դեպքում: Ավտորիտարիզմն ու չճանաչված պետությունը բոլորովին էլ նույն կարգի հասկացություններ չեն: Լեռնային Ղարաբաղում, ի տարբերություն Ադրբեջանի, ոչ ոքի մտքով լրջորեն չի անցնի նախապատրաստել «Հետնորդ» գործողությունը իշխանությունը հորից որդուն փոխանցելու նպատակով կամ նույնիսկ քննարկել նման սցենարներ»,-գրում է նա «Ռուսաստանը եւ գլոբալ քաղաքականությունը» ամսագրում:



Մարկեդոնովը հիշեցնում է, որ ինքնահռչակված պետությունների սահմանները միշտ չէ, որ համընկնում են նախկին խորհրդային ինքնավարությունների սահմանների հետ, որոնք կազմում են չճանաչված կազմավորումների տարածքային հիմքը: Լեռնային Ղարաբաղը ներառում է ոչ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, այլ նաեւ Շահումյանի շրջանը: Այսօրվա դրությամբ այդ տարածքը, ինչպես նաեւ ԼՂՀ-ի մեջ մտնող Մարդակերտի եւ Մարտունու շրջանները գտնվում են Ադրբեջանի իրավասության տակ: «Սակայ եթե կիրառենք ինքնիշխանության չափանիշն ասենք Վրաստանի կամ Ադրբեջանի հանդեպ, կստացվի, որ նրանք այստեղ եւս խնդիրներ ունեն: 1991 թվականին Բաքուն գործնականում կորցրել էր ԼՂԻՄ ողջ տարածքի վերահսկողությունը, իսկ 1994 թվականին` յոթ բուն ադրբեջանական շրջանների վերահսկողությունը»,-նշում է նա:



Ռուս քաղաքագետը գրում է նաեւ, որ իրավաձեւական տեսակետից ԽՍՀՄ փլուզման արդյունքում առաջացած չճանաչված պետությունները գոյություն չունեն համաշխարհային հանրության համար: «Սակայն, դա չի խանգարում նրանց լինել «մեծ խաղի» իրական մասնակիցները նախկին Խորհրդային Միության տարածքում: Ինչո՞վ են չճանաչված պետությունները տարբերվում միջազգայնորեն ճանաչվածներից: Պաշտոնական կարգավիճակի առկայությա՞մբ: Սակայն համաշխարհային հանրությունը, որը հաստատում է այդ կարգավիճակը, ինքը եւս խորը ճգնաժամի մեջ է` Յալթայի եւ Պոտսդամի աշխարհակառուցվածքի փլուզումից հետո համաշխարհային նոր կարգի ուրվագծերը բավականին լղոզված են: Հետեւաբար, մշուշոտ են նաեւ ճանաչել-չճանաչելու չափանիշները, որպես այդպիսին: Քաղաքագիտական եւ հրապարակախոսական գրականության մեջ այդ կազմավորումներն անվանում են ինքնահռչակ: Սակայն այդ սահմանումը եւս լիովին կոռեկտ չէ, քանի որ բոլոր խոշորագույն ժամանակակից պետությունները «իրենք են իրենց հռչակել»,-ընդգծում է Սերգեյ Մարկեդոնովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---