Հանրահավաք Սպիտակ տան մոտ «Թրամփն իմ նախագահը չէ» կարգախոսով

Հանրահավաք Սպիտակ տան մոտ «Թրամփն իմ նախագահը չէ» կարգախոսով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ի երեկոյան մոտ 200 մարդ է հավաքվել Վաշինգտոնի կենտրոնում` Սպիտակ տան մոտ, որոնք բողոքում էին նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելու դեմ: Ցուցարարները վանկարկում էին` «ԱՄՆ-ն առանց Թրամփի, Կու-կլուս-կլանի և ֆաշիստների», «Թրամփն իմ նախագահը չէ»: Նրանք կոչ էին անում անցորդներին միանալ իրենց բողոքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հանրահավաքն ավարտվել է ոստիկանության հետ բախումով` ցուցարարներից մեկը բերման է ենթարկվել, մյուսներին ոստիկանությունը հետ է մղել Սպիտակ տան մոտից, որից հետո ամբոխը ցրվել է հարևան փողոցներով:

Ըստ ոստիկանության, 5000 մարդ է ցույցի դուրս եկել Նյու Յորքում, որի մասնակիցները մտավախություն ունեն, որ պետության 45-րդ նախագահը կարող է ռասիստական և սեքսիստական քաղաքականություն վարել ԱՄՆ-ում: Արդյունքում միլիոնավոր ներգաղթյալներ ստիպված կլինեն հայրենիք վերադառնալ, որտեղ նրանց աղքատություն է սպասում: Առնվազն 30 մարդ է բերման ենթարկվել:

Բողոքի ակցիաներ են անցնում նաև Չիկագոյում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Սիեթլում, Փորթլենդում, Օրեգոնում և Օսթինում: Կանխատեսվում է, որ բողոքի ալիքը կհասնի նաև Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես և Օքլենդ:

Մարդիկ նաև հանդես էին գալիք «ընտրիչների կոլեգիայի լուծարման օգտին»: Դեռևս, մինչ ձայների վերջնական հաշվարկը Թարմփը մոտ 200.000 ձայնով զիջում է Քլինթոնի ցուցանիշին, սակայն դա չի ազդում հաղթողին որոշելու վրա, քանի որ ԱՄՆ ընտրական համակարգը կառուցված է յուրաքանչյուր նահանգում առաջնության համար պայքարի վրա, «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքով: Առաջին անգամը չէ, երբ նախագահ է դառնում յուրաքանչյուր նահանգից ընտրիչների առավելագույն ձայն ստացողը, որը սակայն զիջում էր մրցակցին ընտրողների ընդհանուր թվով:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Քլինթոնը զանգահարել է Թրամփին և ընդունել իր պարտությունը:

ԱՄՆ նորընտիր նախագահը կստանձնի պաշտոնը 2017-ի հունվարի 20-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---