Նախագահը` ԱՄԷ-ում. Լայնածավալ ներդրումների դեպքում արտոնյալ պայմաններ կտրամադրվեն

Նախագահը` ԱՄԷ-ում. Լայնածավալ ներդրումների դեպքում արտոնյալ պայմաններ կտրամադրվեն

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել արաբական աշխարհի և հատկապես ԱՄԷ-ի հետ Հայաստանի ջերմ բարեկամական հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, որը նրանց բնորոշմամբ, ցավոք, դեռևս չի համապատասխանում երկու երկրների առևտրատնտեսական կապերի ներկայիս մակարդակին: Այդ ոլորտում հարաբերությունները, կողմերի համոզմամբ, զարգացնելու շատ մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել:

Նախագահի այցն ԱՄԷ և արդյունավետ հանդիպումները երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ, ըստ Էմիրությունների ներդրումային և զարգացման ընկերությունների ներկայացուցիչների, վկայում են երկկողմ քաղաքական կամքի և պատրաստակամության մասին` ակտիվացնելու հայ-էմիրաթական հարաբերությունները նաև առևտրատնտեսական ոլորտում: Նրանք վստահեցրել են, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ ու հստակ ծրագրերով և պատրաստ են այդ առումով քննարկել տարբեր ոլորտներում Հայաստանի առաջնահերթությունները, այցելել Հայաստան և տեղում ուսումնասիրել միջավայրը, առաջ մղել բանակցությունները:

Հանրապետության նախագահը հանձնարարել է հանդիպմանը ներկա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ներդրումային ծրագրերով հետաքրքրված ընկերությունների հետ հետագայում շարունակել սերտ փոխգործակցությունը և նրանց ներկայացնել իրենց բիզնես հետաքրքրությունների շրջանակում գտնվող ծրագրերը:

Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է զրուցակիցներին, որ հայկական կողմը պատրաստել է ներդրումային ռազմավարական փաթեթներ, որոնք գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում, և կողջունվի ու անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Էմիրությունների ներդրողներին, իսկ խոշորածավալ ներդրումների առկայության դեպքում` հատուկ որոշումով կտրամադրվի առավել արտոնյալ պայմաններ:

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ նախագահի և Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի և շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի առանձնազրույցը:

Հանդիպմանը երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերից բացի, անդրադարձ է եղել միջազգային արդի խնդիրներին, մերձավորարևելյան ճգնաժամին, այդ տարածաշրջանում ծավալվող իրադարձություններին, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Հայ-էմիրաթական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---