Պերմյակովը հետ է վերցրել փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքը և չի ներկայացել նիստին

Պերմյակովը հետ է վերցրել փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքը և չի ներկայացել նիստին

PanARMENIAN.Net - Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով տուժող կողմի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքների քննությանը նոյեմբերի 10-ին չէր ներկայացվել ամբաստանյալ Վալերի Պերմյակովը։ Նա գրություն էր հղել դատարանին՝ խնդրելով վերաքննիչ բողոքները քննել իր բացակայությամբ՝ նշելով, որ դրանց դեմ առարկություն չունի։

Առաջին ատյանի դատարանում Պերմյակովի պաշտպանությունն իրականացրած հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ, թե արդյոք Պերմյակովը ցանկանում է, որ վերաքննիչ դատարանում ևս շարունակի ներկայացնել նրա շահերը։ Առավել ևս, որ, ըստ պաշտպանի, որոշակի հակասություն է նշմարվում իր և իր պաշտպանյալի դիրքորոշումների միջև։

Խնդիրն այն է, որ փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, իսկ Պերմյակովը հետ է վերցրել այն։ Այս պահի դրությամբ, ինչպես նշել է Աղաջանյանը, ինքը տեղեկություն չունի Պերմյակովը հրաժարվել է իր ծառայություններից, թե ոչ, իսկ նման պայմաններում պաշտպանությունը շարունակելը կարող է գնահատվել ի վնաս ամբաստանյալի, գրում է Pastinfo.am-ը։

Այդուհանդերձ՝ դատարանը որոշել է հետաձգել դատական նիստը եւ մեկ անգամ եւս ծանուցել Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի ղեկավարութանը՝ դատական նիստի օրվա եւ ժամի մասին՝ փորձելով ապահովել Պերմյակովի ներկայությունը հաջորդ դատական նիստին։ Գրությամբ դատարանը կփորձի ճշտել նաեւ, թե արդյոք Պերմյակովը ցանկանում է, որ փաստաբան Աղաջանյանը շարունակի ներկայացնել իր շահերը, սակայն միաժամանակ առաջարկեցին փաստաբանին, որ նա եւս քայլեր ձեռնարկի իր պաշտպանյալի դիրոքորշումը պարզելու համար։

Նախագահող դատավոր Մհեր Արղամանյանի առաջարկով դատական նիստը սկսվել էր մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Գյումրիում ընտանիքի զոհերի հիշատակը։ Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։

Ավելի վաղ Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի արդեն նախկին զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից հետ վերցված բողոքում նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդում էր բեկանել և փոփոխել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պերմյակովի վերաբերյալ 23.08.2016թ. դատավճիռը, որով վերջինս մեղավոր է ճանաչվել մեղադրանքի ողջ ծավալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (ավազակությամբ զուգորդված՝ առանձին դաժանությամբ երկու կամ ավելի անձանց սպանություն), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (զենքի գործադրմամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Պաշտպանը խնդրում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Վ.Պերմյակովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, նրա նկատմամբ նշանակել համաչափ մեղմ պատիժ: Մյուս երկու բողոքներում, որոնք Վերաքննիչ դատարանը քննության կառնի, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը միջնորդում են բեկանել և փոփոխել հիշյալ դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը միջնորդում է բեկանել և փոփոխել դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին, քննելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---