11 նոյեմբերի 2016 - 11:47 AMT
Պայթյունից վիրավորված թուրքական Դերիկի ղեկավարը մահացել է

Թուրքիայի հարավարևելյան Մարդին գավառի Դերիկ քաղաքի վարչակազմի ղեկավար Մուհամմեդ Ֆաթիհ Սաֆիթյուրքը, որը վիրավորվել էր նոյեմբերի 10-ին պայթյունից, մահացել է:

Սաֆիթյուրքը մահացել է վերքերից Գազիանտեփ քաղաքի հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին մահափորձից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով:

Նոյեմբերի 10-ին Սաֆiթյուրքի դեմ, որը գտնվում էր Դերիքի շրջանային վարչակազմի շենքում, մահափորձ է կատարվել ինքնաշեն պայթուցիկի կիրառմամբ: Արդյունքում 3 մարդ վիրավորվել էր, այդ թվում Սաֆիթյուրքը: Հարձակման մեջ մեղադրում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալներին:

Նույն օրը Վանում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները, որի գործունեությունն արգելված է Թուրքիայում, միկրոավտոբուս են գնդակոծել: Արդյունքում 4 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել:

Սեպտեմբերին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամները բեռնատար գնացք էին պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում` Վանի գավառում:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։