11 նոյեմբերի 2016 - 15:20 AMT
Վարչապետը «շանտղություն» է որակել սննդի որակի հետ կապված չարաշահումները

Վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպում է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման ուղիները:

«Քաղաքականությունը, որ վարում ենք գյուղատնտեսության ոլորտում՝ ճի՞շտ է, թե՝ ոչ, սուբսիդավորումը, որ անում ենք, ճի՞շտ է, թե՝ ոչ, համատարած, որ բոլորի կողքին կանգնում ենք, ճի՞շտ է, թե՝ ոչ: Ո՞նց պետք է կանգնենք. պետք է կանգնենք պոտենցիալ հաջողակի, բեռ վերցնողի կողքին, որպեսզի մենք ձեզ հետ համատեղ ձևավորենք մեր ստրատեգիան այս ոլորտում», - ասել է կառավարության ղեկավարը:

Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման խնդրին: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի փոփոխություն է եղել, որից պահանջվում է խիստ վերահսկողություն իրականացնել ոլորտում: «Ուղղակի դա «շանտղություն է», որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում», - ասել է վարչապետը:

Բարձրաձայնվել են գյուղատնտեսության ոլորտում արտադրող ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսություների գործունեությանն առնչվող խնդիրներ՝ մասնավորապես, գյուղմթերքների արտահանմանը, ներմուծմանը և իրացմանը, տրանսպորտային փոխադրումներին, էներգակիրների մատչելիությանը, հարկային և մաքսային վարչարարությանը, պետություն-մասնավոր հատված գործակցության մեխանիզմներին վերաբերող հարցեր:

Անդրադառնալով գազի գների խնդրին, Կարեն Կարապետյանը նշել է, որ այն արտոնյալ է լինելու վերամշակող ձեռնարկությունների համար այնքան ժամանակ, մինչև իրենք ոտքի կանգնեն: «Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, մենք պետք է հասկանանք՝ ինչով օգնենք մեր արտադրողին, որ ինքը մրցունակ լինի: Մի՞շտ ենք օգնելու, որ ինքը մրցունակ լինի՝ ոչ, որովհետև դաշտը փակում ենք մրցակցությունից, արտադրողը դրանով հանգստանալու է ու որևիցե բան չի անելու: Հիմա մենք մրցակցությունից պահելո՞ւ ենք ձեզ, որ դուք արտոնյալ վիճակում լինեք՝ ոչ, բայց մենք թուղթ ու գրիչով նստելու ենք, խոսենք, ասենք՝ ինչն է խանգարում, որ դու մրցունակ լինես», - ասել է վարչապետը:

«Մենք անպայման ստեղծելու ենք հիմնադրամ, որի հիմնական նպատակն է լինելու բիզնեսին աջակցելը, բայց՝ որպեսզի բիզնեսը փող աշխատի: Մենք սուբսիդավորելու ենք այն կառույցին ու այն տնտեսությանը, որը շանս ունի մի օր ոտքի կանգնելու, և սուբսիդավորում չուզի»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սուբսիդիաները պետք է ուղղվեն այն ծրագրերին, որոնք կնպաստեն ոլորտում արտադրողականության աճին:

Խոսելով հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների մասին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է քայլերը հարկային հավասար դաշտի ապահովման ուղղությամբ և խրախուսելու է օրինապահ հարկատուներին:

2015 թվականի արդյունքներով գյուղատնտեսությունն, ԱՎԾ տվյալներով, կազմել է ՀՀ տնտեսության մոտ 19.9%-ը՝ ավելի քան 1.002 տրիլիոն դրամ:

Վարչապետը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ ակնկալում է խորհրդակցության մասնակիցներից առաջարկությունների փաթեթ՝ հարկային և մաքսային վարչարարության պարզեցման, տրանսպորտային փոխադրումների և հաղորդակցության այլընտրանքային ուղիների, մասնագիտական կրթական համակարգի բարեփոխման և սուբսիդավորման հասցեականության ճշգրտման վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ներկայացնել կոնկրետ բիզնես ծրագրեր՝ մուլտիպլիկատիվ էֆեկտի առարկայական հաշվարկներով և յուրաքանչյուր կողմի հստակ անելիքների ձևակերպմամբ:

«Ձեր բիզնեսը ձեր փոխարեն ոչ ոք չի զարգացնելու, մեր երկիրը, մեր գյուղը ոչ ոք մեր փոխարեն չի կառուցելու, ոչ ոք մեզ ձրի փող չի տալու: Փող ենք տալիս, փող ենք աշխատելու այն դեպքում, եթե տրամաբանություն կա: Դուք ինձանից չինովնիկ եք: Որպեսզի մեր հանդիպումն առարկայական լինի, աշխատանքային խումբ ստեղծեք, որը գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ կազմի գյուղատնտեսության ոլորտի ստրատեգիան՝ ոնց ենք կրթում, ոնց ենք սուբսիդավորում, ոնց ենք արտոնություն տալիս, ոնց ենք խոշորացնում, արտահանում», - եզրափակել է վարչապետ Կարապետյանը: