ԱԳՆ. ԼՂՀ-ն կանխելու է Ադրբեջանի ցանկացած գործողություն, որը սպառնում է անվտանգությանը

ԱԳՆ. ԼՂՀ-ն կանխելու է Ադրբեջանի ցանկացած գործողություն, որը սպառնում է անվտանգությանը

PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել շփման գծում լարվածության աճի կապակցությամբ: Նշվում է, որ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը 60 և 82 միլիմետրանոց ականանետներից արկակոծել են Թալիշ և Յարըմջա գյուղերի ուղղությամբ տեղակայված ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը: «Ականանետների նմանատիպ զանգվածային կիրառումը, որը Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլյան լայնածավալ ագրեսիայից հետո առաջին անգամ է տեղի ունենում, դարձավ շփման գծում լարվածությունը սրելու Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող գործողությունների շարունակությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

ԼՂՀ ԱԳՆ-ն նաև լուրջ մտահոգություն է հայտոնւմ այն փաստի առնչությամբ, որ իրավիճակի սրումը տեղի է ունենում ԼՂՀ սահմանագլխին Ադրբեջանի կողմից մեծաթիվ ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ներգրավմամբ լայնամասշտաբ ռազմական զորավարժությունների նախապատրաստման ֆոնին։

Փաստաթղթում ասվում է, որ նման գործողությունները կոպտորեն խախտում են շփման գծում լարվածության սրման անթույլատրելիության վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և վկայում են Ադրբեջանի մտադրության մասին՝ խոչընդոտել բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը։

«Ավելին, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումից և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումից, այլև ձգտում է խափանել հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող միակ միջազգային մեխանիզմը՝ արկակոծելով այն շրջանը, որտեղ նախօրեին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է իրականացրել։

Ստեղծված իրավիճակում կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահին և ողջ միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունը և գործուն միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա սրացում թույլ չտալու համար։

Իր հերթին ԼՂՀ-ն կանխելու է Ադրբեջանի ցանկացած գործողություն, որը սպառնում է հանրապետության անվտանգությանը, տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ից սկսած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվել է նաև նոյեմբերի լույս 12-ի գիշերվա ընթացքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, նոյեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 570 կրակոց:

Շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (13 արկ) և 82 (56 արկ) միլիմետրանոց ականանետեր:

Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---