ՆԱՏՕ-ի պաշտոնյայի ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից շփման գծում լարվածության աճի վրա

ՆԱՏՕ-ի պաշտոնյայի ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից շփման գծում լարվածության աճի վրա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե - Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2015-2016թ. գնահատման զեկույցը:

ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը և տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցությանը, վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ 2017թ. ընթացքում շարունակելու հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման առաքելություններին:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է 2016-ին իրականացված Պաշտպանության ռազմավարական վերանայման հիմնական արդյունքները, կարևորել է ռազմական համագործակցության, պաշտպանական կրթության և բարեփոխումների բնագավառներում առկա համատեղ ծրագրերի և ձևաչափերի հետագա զարգացումը։

Որպես առաջիկա տարիների պաշտպանական քաղաքականության առաջնահերթություն՝ նշվեցին նաև զինված ուժերում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների ամրապնդման, զինված ուժերի քաղաքացիական և հանրային վերահսկողության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները։

Հայկական կողմը ներկայացրել է նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը, ապրիլի սկզբին Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները ու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր են գնահատել Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում: Բանախոսներն իրենց աջակցությունն են հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Նիստից հետո հայկական պատվիրակությանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների: Մասնավորապես, հայկական կողմը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի հետ շփման գծի երկայնքով լարվածության աճի վրա՝ Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացման նախօրեին։

Այնուհետև, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով օգնական, դեսպան Ալեխանդրո Ալվարգոնսալեսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում ընթացող երկխոսությանն ուղղված քայլերը: Ալեխանդրո Ալվարգոնսալեսն աջակցություն է հայտնել նոր ԱԳԳԾ-ով համագործակցության առավել խորացման միջոցառումների իրականացմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ից սկսած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվել է նաև նոյեմբերի լույս 12-ի գիշերվա ընթացքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, նոյեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 570 կրակոց:

Շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (13 արկ) և 82 (56 արկ) միլիմետրանոց ականանետեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---