Վարչապետ. Պետք է այնպես անել, որ Տավուշ ոչ թե բարեգործության գան, այլ բիզնես դնելու

Վարչապետ. Պետք է այնպես անել, որ Տավուշ ոչ թե բարեգործության գան, այլ բիզնես դնելու

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը Տավուշի մարզից ակնկալում ու սպասում է մինչև տարեվերջ համայնքների զարգացման ծրագիրը, երազանքը, թե ինչպես են տեսնում համայնքի զարգացումը, հայտնում է Aysor.am-ը:

«Հարաբերությունները լինելու են գործընկերային, մենք հասկանում ենք, որ դուք բազմաթիվ դարդ ու ցավ ունեք, պրոբլեմներ ունեք, մենք հասկանում ենք, որ մենք յուրահատուկ վերաբերմունք ունենք ցույց տալու սահմանամերձ համայնքներին, որտեղ առանձնապես տնտեսական ակտիվություն չկա»,- Տավուշի մարզ այցելության ժամանակ մարզպետի ու համայնքների ղեկավարնեի հետ հանդիպմանը ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը շեշտել է` այս ամենը լինելու է այն խաղի կանոնների մեջ, որով պայմանավորվել են առաջ շարժվել: Կարեն Կարապետյանն ընդգծել է` պետք է այնպես անել, որ մարզում ոչ թե գան ու բարեգործություն անեն, այլ պետք է համոզել, որ գան բիզնես դնեն: «Մենք քայլ առ քայլ ամեն օր առաջ ենք գնալու: Մենք պետք է գիտակցենք, որ մեր տեղը ոչ մեկ չի գալու ինչ-որ բան անելու: Եթե գաք, ասեք «վիճակներս վատ ա, մեզ պիտի պահեք», չեմ պահելու, իսկ եթե գաք ասեք, որ «մենք սա ենք արել, նա ենք արել, դու էլ սա արա», այդ դա ուրիշ բան», - ընդգծել է Կ. Կարապետյանը:

Վարչապետն ասել է, որ հաջորդ հանդիպման արդյունքները պետք է լինեն կիրառական: «Հաջորդ մեր հանդիպմանը պետք է ծրագրերը ներկայացնել ամփոփած, որ մենք նայենք ու ասենք, թե որ ծրագրերն են մեզ ոգևորել, որ մեկին ենք արձագանքելու: Հաջորդ մեր հանդիպմանը, անպայման, արդյունքը պետք է լինի կիրառական: Կոնկրետ ծրագիր՝ ինչ ենք անում, ուր ենք գնում, ոնց ենք գնում, ով ինչ է անում», - նշել է նա:

Կարեն Կարապետյանն ընդգծել է՝ յուրաքանչյուր հանդիպումից ինչ-որ նոր բան իր համար գտնում է: «Եթե դուք էլ եք մեր այդ հանդիպումից հասկացել, թե մեր հաջորդ հանդիպմանը ձեր ծրագիրը ոնց եք ներկայացնելու, ապա լավ է, եթե չէ, ապա իզուր ենք այստեղ եկել», - նշել է վարչապետ Կարապետյանը:

Կառավարության 2017 թվականի ծրագրում համայնքների զարգացմանն ուղղված նոր գործիք է կիրառվելու: Կիրառվելու է պետություն-մասնավոր փոխհարաբերության նոր գործիքը:

Հոկտեմբերին հայտնին դարձավ, որ մոտ 4 միլիոն դոլարի ուղղակի ներդրումներ են արվելու Դիլիջանի խոշորացված համայնքում: Յուրաքանչյուր ծրագիր մանրամասն դիտարկվելու է, և միայն դրանից հետո է թույլատրվելու ծրագրի իրականացումը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---