Հայ խորհրդարանականները Գերմանիայում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները, ԼՂ հիմնախնդիրը

Հայ  խորհրդարանականները Գերմանիայում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները, ԼՂ հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ից 11-ը Բեռլինում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աղվան Վարդանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի, տարբեր խմբակցությունների պատգամավորների, ԳԴՀ կառավարության հատուկ հանձնակատար, Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները համակարգող Գերնոտ Էրլերի, Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեի հետ:

Հանդիպումներ են անցկացվել նաև ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարությունում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գծով գերմանական գործարարների ասոցիացիայում, «Ֆրիդրիխ Էբերթ» հիմնադրամում: Հանդիպումներին պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել` շարունակելու համագործակցությունը ինչպես խորհրդարանական ձևաչափով, այնպես էլ գործարար շփումներն ակտիվացնելու, համատեղ գործարար համաժողովներ կազմակերպելու շուրջ: Քննարկվել են առաջիկայում միջին բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ բիզնես ֆորում անցկացնելու հետ կապված հարցեր:

Հայկական պատվիրակությունը մանրամասն ներկայացրել է ԵՏՄ շրջանակում Հայաստանի ներգրավվածության, իրավական և տնտեսական հնարավորությունների, ինչպես նաև ՀՀ-ում բիզնես միջավայրի շարունակական բարելավմանն ուղղված աշխատանքները: Քննարկվել են նաև տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ և կայուն զարգացման անհրաժեշտությանն առնչվող հարցեր:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը հաստատեց խորհրդարանում ներկայացված կուսակցությունների համատեղ նախապատրաստած բանաձևը, որը ճանաչում և դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով նաև Գերմանիայի մեղքը և մասնակցությունը տեղի ունեցած ողբերգությունում: Բանձևը հաստատվել էր ձայների ճնշող մեծամասնությամբ. միայն մեկ պատգամավոր ձեռնպահ էր մնացել, ևս մեկը (Բեթթինա Քուդլան) դեմ էր քվեարկել բանաձևին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---