ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեն հանդես է եկել Երեւանին եւ Բաքվին հատկացվող ռազմական օգնության պարիտետի պահպանման օգտին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեն հավանություն է տվել 2008 ֆինանսական տարվա պետական եւ արտերկրյա հատկացումների մասին օրինագծին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել կոնգրեսական Ադամ Շիֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը, օրինագիծը ներառում է նաեւ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող ֆինանսական օգնություն: Լինելով պետական եւ արտերկրյա հատկացումների ենթակոմիտեի անդամ, Ա.Շիֆը կոչ է արել լրջորեն ֆինանսավորել Հայաստանին եւ ԼՂՀ-ին: «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ԱՄՆ-ի լավ բարեկամներն ու դաշնակիցներն են եւ այս օրինագիծը ցույց է տալիս, թե որքան մերձավոր են մեր հարաբերությունները: Ես գոհ եմ, որ նրանք կստանան այս աջակցությունը, որը շատ կօգնի Հայաստանի եւ ԼՂ ժողովրդներին»,-ասել է Շիֆը:



Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է 2008 ֆինանսական տարում շուրջ 68 մլն դոլար հատկացնել Հայաստանին, եւ 6 մլն դոլար Ղարաբաղին որպես մարդասիրական օգնություն, պահպանել Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության պարիտետը, հատկացնելով 3-ական մլն դոլար որպես արտերկրյա ռազմական օգնություն եւ 300 հազարական դոլար ռազմական ուսուցման ծրագրերի իրագործման համար, վստահության մթնոլորտի ստեղծման համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Փաստաթուղթը կոչ է անում նաեւ փոփոխություններ չկատարել ԱՄՆ Հիմնական ազատությունների մասին ակտի 907-րդ ուղղման մեջ, քանի դեռ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին չի տեղեկացրել, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ թշնամական գործողությունների դադարեցման եւ շրջափակման վերացման ուղղությամբ: Օրինագիծը կուղղվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---