ՊՊԾ գնդի գրավման օրը ՀՀ-ում Facebook-ի կարճատև սահմանափակումը՝ Freedom House-ի զեկույցում

ՊՊԾ գնդի գրավման օրը ՀՀ-ում Facebook-ի կարճատև սահմանափակումը՝ Freedom House-ի զեկույցում

PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը նոյեմբերի 14-ին հրապարակել է աշխարհում համացանցի ազատությանը վերաբերվող Freedom on the Net տարեկան զեկույցը:

ՀՀ-ն համարվում է ազատ համացանցով երկիր ու ստացել է 30 բալ 2015-ի 28 բալի համեմատ (զեկույցի մեթոդաբանության համաձայն, 0-ն լավագույն ցուցանիշն է, 100-ը՝ վատագույնը): Նշվում է, որ ՀՀ-ում, որպես կանոն, մուտքը համացանց չի սահմանափակվում: Սակայն միաժամանակ հիշատակվում է հուլիսի 17-ին՝ Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման օրը, Facebook սոցիալական ցանցի աշխատանքը մոտ 40 րոպեով սահմանափակելու մասին:

Զեկույցում նաև նշվում է համացանցում տեղադրված տեղեկության համար հետապնդումների մի քանի դեպքի մասին, սակայն ընդգծվում է, որ առցանց-ակտիվության համար բանտարկման կամ քրեական հետապնդման որևէ դեպք տարվա ընթացքում չի գրանցվել:

Որպես երկրում իրավիճակի վրա ազդող հիմնական իրադարձություններ Freedom House-ն առանձնացրել է սահմանադրական հանրաքվեն, ապրիլյան պատերազմն ու ՊՊԾ գնդի գրավումը և ուղեկցող զարգացումները:

«Թեև հայերը, որպես կանոն, ազատորեն հայտնում են իրենց կարծիքը համաձանցում առանց պատժի սպառնալիքի, նշված իրադարձությունների ժամանակ գրաքննության որոշ դեպքեր, այնուամենայնիվ, եղել են: Սակայն համացանցը ՀՀ-ում շարունակում է մնալ հիմնականում ազատ, ենթակառուցվածքներն էլ զարգանում են՝ կապելով բնակչության մեծ մասը: Ակտիվիստներն անընդհատ օգտագործում են սոցցանցերը սեփական տեսակետերի տարածման համար, իսկ ընդդիմադիր ու անկախ ԶԼՄ-ներն առցանց տիրույթում ծաղկում են», - նշվում է զեկույցում:

65 երկրների ցանկում ամենաազատ համացանց ունեցող երկրներն են Էստոնիան ու Իսլանդիան (6-ական միավոր): Նշվում է, որ ՀՀ-ում համացանցով է օգտվում մոտ 1.8 մլն մարդ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---