15 նոյեմբերի 2016 - 10:29 AMT
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Թրամփն ասել է, որ հուսով է, որ ՌԴ և ԱՄՆ միջև ամուր հարաբերություններ կլինեն: Հեռախոսազրույցի մասին համապատասխան հայտարարություն է տարածել Թրամփի անցումային վարչակազմն իր պաշտոնական կայքում, հայտնում է Gazeta.ru-ն:

«Նորընտիր նախագահ Թրամփը հայտնել է նախագահ Պուտինին, որ Ռուսաստանի և նրա ժողովրդի հետ ամուր և կայուն հարաբերություններ է ակնկալում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ասվում է նաև, որ երկու նախագահները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում այն մարտահրավերները, որոնց այսօր բախվում են ԱՄՆ-ն ու ՌԴ-ն, ռազմավարական տնտեսական հարցեր և ԱՄՆ ու ՌԴ պատմական հարաբերությունները, որոնք արդեն մոտ 200 տարեկան են:

Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել շփումները հեռախոսով, իսկ հեռանկարում նաև անձնական հանդիպում ունենալ: Կողմերը կզբաղվեն նախապատրաստական աշխատանքով:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: