15 նոյեմբերի 2016 - 10:47 AMT
«Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոն. Հասույթը՝ ԼՂՀ տուժած համայնքների վերականգնմանը

Նոյեմբերի 16-ից 20-ը «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն անցկացնում է իր 17-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որին ավանդաբար մասնակցում են նաև Գերմանիայի և Շվեյցարիայի տեղական մարմինները:

Դրամահավաքի հասույթը կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի շարունակական զարգացմանը:

Հունաստանի տեղական մարմինն էլ դրամահավաքին կմիանա նոյեմբերի 19-ից 20-ը Աթենքում անցկացվելիք հեռախոսամարաթոնով և ստացված հասույթով կհամաֆինանսավորի Արցախի Քարին Տակ գյուղի մանկապարտեզի կառուցումը:

Հեռախոսամարաթոն 2016-ի կնքահայրն է Ֆրանսիայում հայտնի լրագրող և հաղորդավար Նիկոս Ալագասը, կնքամայրը՝ ֆրանսիական Revue des Deux Mondes ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանը, ովքեր համախմբման և ակտիվ մասնակցության կոչով կդիմեն եվրոպաբնակ մեր հայրենակիցներին: Մոտ 600 կամավոր էլ Փարիզ, Լիոն, Մարսել և Տուլուզ քաղաքներից մարաթոնի հինգ օրվա ընթացքում հեռախոսազանգերով կդիմեն հայ ընտանիքների ու կազմակերպությունների՝ հորդորելով սատարել Արցախի, Հայաստանի ու Սիրիայի մեր հայրենակիցներին:

2015-ի հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված ավելի քան 1.3 միլիոն եվրո գումարն ուղղվել է Հայաստանի Տավուշի մարզում գյուղատնտեսական ծրագրերի իրագործմանը, Արցախի գյուղական համայնքներում համայնքային կենտրոնների կառուցմանը և ծանր վիճակում հայտնված սիրիահայերի ու իրաքահայերի օժանդակությանը:

Արդեն 17 տարի է, հայկական համայնքներ ունեցող եվրոպական որոշ երկրներ իրենց համայնքներում հանգանակություններն իրականացնում են դրամահավաքի այս եղանակով, որը տարեցտարի նոր նվիրատուներ է ներգրավում և ավելի մեծ հասույթ ապահովում: Ամերիկայի մայրցամաքում էլ հեռախոսամարաթոնի միջոցով են դրամահավաքներ իրականացնում Հիմնադրամի Արգենտինայի և Բրազիլիայի տեղական մարմինները:

Խոշոր դրամահավաքների շրջանն 2016-ին կեզրափակի Բրազիլիայի տեղական մարմինը՝ նոյեմբերի 26-ից 27-ն անցկացնելով իր հեռախոսամարաթոնը: Ուշագրավ է, որ հեռախոսամարաթոնների կամավորականների շարքում կան բազմաթիվ այլազգիներ, ում մասնակցությունն արդեն իսկ վկայում է դրամահավաքի աճող հեղինակության մասին: