15 նոյեմբերի 2016 - 10:44 AMT
Արցախում Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված ArmFighting ընդհանուր մենամարտերի մրցաշար է անցկացվել

Ստեփանակերտի N 6 դպրոցի մարզադահլիճում անց է կացվել ArmFighting Selection-22 ընդհանուր մենամարտերի մրցաշար, որը նվիրված էր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի հիշատակին:

Հուշամրցաշարին մասնակցել է ԼՂՀ-ի և ՀՀ-ի 13 զույգ մարզիկ, հաղորդում է Artsakhpress.am-ը:

Հուշամրցաշարին ներկա է եղել նաև պրոֆեսիոնոլ «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հայկ Ղազարյանը, որը նշել է, թե ՀՀ տարբեր քաղաքներում և գյուղերում անց են կացրել նմանատիպ միջոցառումներ, և Ստեփանակերտն էլ բացառություն լինել չի կարող:

«Այս անգամ որոշեցինք, որ այս մրցաշարը կազմակերպենք Ստեփանակերտում, որպեսզի այն խթան լինի մատաղ սերնդի համար, որպեսզի տեսնելով այս միջոցառումը, ցանկություն ունենան մարզվել այս մարզաձևով: Սա այն մարզաձևն է, որը կարողանում է մարզիկին ավելի մոտեցնել բանակին ու ինքնապաշտպանությանը: Այսպիսի մարզիկները կարող են հետագայում դիրքերում ու խրամատներում իրենց ավելի ուժեղ ու անպարտ զգալ: Մենք նաև ուզում ենք բացահայտել արցախցի լավագույն մարզիկներին, որոնք Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ոսկե մեդալներ կարող են նվաճել»,- ասել է Ղազարյանը:

Արցախի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արմեն Հայրապետյանն էլ նշել է, որ ArmFighting Selection-22-ին մասնակցել են Ստեփանակերտի, Երևանի, Գավառի, Էջմիածնի և Սպիտակի մարզիկները:

«Այս մրցումը երրորդ անգամ է անցկացվում Ստեփանակերտում: Մրցումը նվիրելով ազատամարտի հերոսներից Ռոբերտ Աբաջյանին՝ մեկ անգամ ևս ուզում ենք վառ պահել նրա մասին մեր հիշողությունները, ասել, որ նրա հիշատակը միշտ վառ է մեր սրտում ու հոգում: Ռոբերտ Աբաջյանն այնպիսի սխրանք է գործել, որ բոլորս հպարտանալով խոնարվում ենք նրա հիշատակի առաջ»,- ընդգծել է Հայրապետյանը և հավելել, որ Արցախի 13 մարզիկներից 10-ը հաղթել են:

Մրցաշարում հաղթող ճանաչված մարզիկները պարգևատրվել են պատվոգրով, մեդալով և գավաթով: