«Փարքինգ Սիթի Սերվիսի» և «Լոկատորի» հետ բանակցությունների արդյունքները ներկայացվել են Կառավարությանը

«Փարքինգ Սիթի Սերվիսի» և «Լոկատորի» հետ բանակցությունների արդյունքները ներկայացվել են Կառավարությանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի և «Փարքինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ընկերությունների միջև տարվող բանակցություններն ավարտվել են: Խոսքը սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու մասին է:

Քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով նոյեմբերի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված առաջարկության կատարմանը, նշել է, որ բանակցությունների արդյունքները ներկայացվել են Կառավարությանը:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին հանձնարարվել է առաջիկայում հանրությանը ներկայացնել այդ մասով Երևանի քաղաքապետարանի քայլերի հաջորդականությունը:

«Մեր կողմից կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն թափանցիկ: Բացի այդ, մեր բնակչությունը պետք է հստակ իմանա, թե ինչ կարող է ակնկալել կատարվող փոփոխությունից», - ասել է քաղաքապետը:

Նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետին առաջարկել էր «Սեքյուրիթի դրիմ», «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ընկերությունների կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանն ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---