14 հունիսի 2007 - 14:23 AMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին փաստաթուղթը նախատեսում է խնդրի լուծման «փաթեթային տարբերակ»
«Այսօր բանակցությունների սեղանին է երեք էջից կազմված մի փաստաթուղթ, որը ներառում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր հնարավոր սկզբունքները: Դա բավականին բարդ փաստաթուղթ է, որը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ նախագահների մակարդակով երկամյա բանակցային գործընթացի արդյունք է»,-հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը համարում է, որ կարելի է առաջընթաց ակնկալել երկու երկրների նախագահների միջեւ քննարկումներից: «Ես որոշակի լավատեսություն ունեմ` մշակված փաստաթուղթը տրամաբանական եւ փոխզիջումային է: Անշուշտ, այն լիովին չի բավարարում հակամարտության կողմերի պահանջները, սակայն կողմերից յուրաքանչյուրին հիմք է տալիս հրապարակման համար»,-նշել է Օսկանյանը` հավելելով, որ դեռեւս կան չհամաձայնեցված հարցեր եւ կողմերը դեռեւս պետք է լուծեն ամենաբարդ խնդիրները:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին փաստաթուղթը նախատեսում է խնդրի լուծման «փաթեթային տարբերակ»: Այնտեղ հնարավոր է ժամանակային հաջորդականություն, սակայն բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն նախապես»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Վ.Օսկանյանը ընդգծել է, որ առանց հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, պարտադիր միջանցքին, որը կապահովի Հայաստանի հետ Ղարաբաղի անընդմեջ ցամաքային կապը, ԼՂ բնակչության անվտանգությանը վերաբերող հարցերը լուծելու, այլ հարցերի մասին խոսել չի կարելի:

«Այս երեք սկզբունքները ոչ թե նախապայման են, այլ խնդրի լուծման տրամաբանական հիմնավորում եւ դրանք դրված են հակամարտության կարգավորման հիմքում: Ես կարծում եմ, որ այդ բոլոր երեք ուղղություններով Հայաստանի եւ Ղարաբաղի համար կա առաջընթաց: Այսօր Հայաստանն ու Ղարաբաղը բավականին լավ դիրքեր ունեն բանակցություններում եւ հետագայում իրադարձությունները կզարգանան նույն ուղղությամբ: Կան միջազգային միտումներ, որոնց հանդեպ Ադրբեջանը չի կարող անտարբեր լինել»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ «փաթեթային տարբերակն» Ադրբեջանը մերժել էր դեռեւս 1997 թվականին: Բաքուն պնդում էր «հակամարտության փուլային լուծման» վրա, որը նախատեսում էր սկզբից ետ քաշել ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերը բուֆերային գոտուց եւ հետո միայն համաձայնություն տալ հանրաքվեի անցկացմանը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ: