Սասունյան. Ոչ ոք չգիտի՝ ինչպիսին կլինի հայկական հարցերի հետ կապված Թրամփի դիրքորոշումը

Սասունյան. Ոչ ոք չգիտի՝ ինչպիսին կլինի հայկական հարցերի հետ կապված Թրամփի դիրքորոշումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն ավարտվեցին Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակով: Թեմային անդրադարձել է«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը՝ գրելով, որ նոյեմբերի 8-ի ընտրություններից հետո «ինքնակոչ հայ վերլուծաբանները» բազմաթիվ ենթադրություններ են արել նորընտիր նախագահի գործարար կապերի մասին Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, սխալմամբ եզրակացնելով, որ նա Հայաստանի թշնամիների կողմը կբռնի: Քանի որ Թրամփը որևէ մեկնաբանություն չի արել հայկական հարցերի վերաբերյալ, ուստի ոչ ոք իրականում չի կարող իմանալ, թե ինչպիսին կլինի նրա դիրքորոշումը:

«Բացի Թրամփի քարոզարշավի հախուռն խոստումներից՝ «չորացնել Վաշինգտոնում առկա ճահիճը» և «Ամերիկան կրկին դարձնել հզոր», ոչ ոք չի կարող կանխատեսել, թե նա ինչ է անելու ներքին կամ արտաքին քաղաքականության բնագավառում: Բացի այդ, ոչ մի երաշխիք չկա, որ նա կառչած կմնա այն դիրքորոշումներին, որոնք արտահայտել է նախընտրական քարոզարշավի ընթացքում: Վերջին ամիսներին և հատկապես ընտրությունից հետո, Թրամփը մեղմացրել է իր տեսակետները մի շարք գլխավոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ բոլոր մահմեդականների մուտքի արգելումը Միացյալ Նահանգներ, պատի կառուցումը Մեքսիկայի սահմանին, 11 միլիոն ապօրինի ներգաղթյալի արտաքսումը և Obamacare-ի չեղարկումը: Ինչպես նախագահ Օբաման բացատրեց նոյեմբերի 14-ի իր մամուլի ասուլիսի ժամանակ, Թրամփը գործնական մարդ է և կայուն հայացքների գաղափարախոս չէ:

Հետևաբար, շահարկելու փոխարեն, թե ինչ կանի Թրամփը որպես նախագահ, եկեք հետևենք Հիլարի Քլինթոնի իմաստուն խորհրդին՝ լինել «ողջախոհ» և Դոնալդ Թրամփին «հնարավորություն տալ ղեկավարելու»,- գրել է Սասունյանը:

«Քանի որ նորընտիր նախագահը դեռևս հստակ դիրքորոշում չունի հայկական հարցերի վերաբերյալ, հիմա իսկական ժամանակն է, որ ամերիկահայերը խնդրեն Կոնգրեսի հանրապետական կողմնակից անդամներին Թրամփի թիմին փոխանցելու համայնքի հիմնական մտահոգությունները: Նման շփումներն ավելի դժվար կլինեն հունվարին, երբ Նախագահն իր երդմնակալությունից հետո ուղղություններ տա իր նոր կաբինետին: Իսկ մինչ այդ, թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները, Վաշինգտոնում իրենց հզոր լոբբիստների միջոցով, զբաղված են սեփական կապերի հաստատմամբ Թրամփի անցումային թիմի և Կոնգրեսի հետ... Ավելին, մինչ բազմաթիվ պետությունների ղեկավարներ, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, շնորհավորական ուղերձներ են հղել նորընտիր նախագահին, Թուրքիայի նախագահ Էրդողանն անձամբ զանգահարել է Թրամփին՝ կոչ անելով նրան ավելի սերտացնել հարաբերությունները իրենց երկրների միջև...

Արդեն անհանգստացնող նշաններ կան, որ Թրամփի երկու մերձավոր օգնականները, որոնք հնարավոր է բարձր պաշտոններ ստանան նոր վարչակազմում, կատաղի թուրքամոլներ են.

1) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը բազմիցս իր հիացմունքն է արտահայտել ժամանակակից Թուրքիայի հայր՝ Քեմալ Աթաթուրքի մասին, նրան դիտարկելով որպես հերոս:

2) Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինն անցյալ շաբաթ հոդված էր գրել The Hill թերթում՝ կոչ անելով ԱՄՆ կառավարությանը «կարգավորել մեր արտաքին քաղաքականությունը՝ Թուրքիան ճանաչելով որպես առաջնահերթություն: Մեզ անհրաժեշտ է աշխարհին նայել Թուրքիայի տեսանկյունից »:

Մինչ նորընտիր նախագահի հետ հայ-ամերիկյան կապեր գործնականում գոյություն չունեն, համայնքը բարեբախտաբար գերազանց հարաբերություններ ունի մշակած Կոնգրեսի բազմաթիվ վերընտրված անդամների հետ՝ թե դեմոկրատների, թե հանրապետականների, որոնք կարող են Հայաստանի և հայերի համար կարևոր նշանակություն ունեցող օրինագծեր ընդունել և բանաձևեր անցկացնել:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից հավանության արժանացած Կոնգրեսի թեկնածուների ավելի քան 90 տոկոսը ընտրվել է նոյեմբերի 8-ին: Ներկայացուցիչների պալատում, Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վայելող 122 թեկնածուներից 117-ը հաղթել են, ներառյալ Կալիֆորնիայից ամերիկահայ դեմոկրատ կոնգրեսականներ Ջեքի Սփայերը և Աննա Էշուն: Ցավոք, Իլինոյիս նահանգից հանրապետական կոնգրեսական, Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ռոբերտ Դոլդը չի վերընտրվել, նաև չի շահել Ներկայացուցիչների պալատի թեկնածու Դենի Թարխանյանը (հանրապետական, Նևադա):

Սենատի ընտրություններում՝ Հայ Դատի հանձնախմբի կողմից հավանության արժանացած 11 թեկնածունից 7-ը հաղթել են նոյեմբերի 8-ին: Հայաստանի աջակցության խմբի անդամ, կոնգրեսական Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդ) ընտրվել է Սենատում՝ նախնական փուլում Թուրքիայի աջակցության խմբի անդամ, կոնգրեսական Դոննա Էդվարդսին հաղթելուց հետո: Շատ ցավալի է, որ չի վերընտրվել հայկական հարցերի ջատագով, սենատոր Մարկ Քիրքը (հանրապետական, Իլինոյիս):

Հարկ է նշել, որ մինչ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի 11 անդամ չի վերադառնա Ներկայացուցիչների պալատ՝ պարտվելու, թոշակի անցնելու, ազատվելու կամ այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ, Թուրքիայի աջակցության խումբն ավելի մեծ կորուստ է ունեցել. 19 անդամ չի վերադառնա Ներկայացուցչների պալատ, ներառյալ համանախագահ Էդ Ուիթֆիլդը (հանրապետական, Կենտուկի), որն այս տարվա սկզբին հրաժարական էր տվել էթիկայի հանձնաժողովի ստուգումների պատճառով:

Ընտրություններում հայ համայնքի կոնգրեսական կողմնակիցների ձեռք բերած բավականին մեծ հաջողությունները, լավ նախանշան են Կոնգրեսում հայկական հարցերի հետապնդման համար: Հաշվի առնելով, որ Հանրապետական կուսակցությունը վերահսկելու է Կոնգրեսի երկու պալատներում և Սպիտակ տանը, հանրապետական հայերի պարտքն է ավելի շատ անդամներ գրավել մեծամասնություն ներկայացնող կուսակցությունից, իսկ դեմոկրատ հայերը կարող են ամրապնդել իրենց երկարատև կապերը փոքրամասնություն հանդիսացող կուսակցության հետ: Ի վերջո, Հայկական հարցը, որպես անկողմնակալ խնդիր, պետք է արժանանա երկու կուսակցությունների աջակցությանը...»,- նշել է Սասունյանը:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---