22 հոկտեմբերի 2002 - 19:45 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ` ԴԵՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՕՐԻՆԱԳԾԻՆ
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն ուղերձով դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, որում կոչ է արվում դեմ հանդես գալ Կոնգրեսի թուրքական խմբի կողմից ներկայացված օրինագծին, որն աջակցում է Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելուն: Նամակում կոնգրեսականների ուշադրությունը հրավիրվում է պաշտոնական Անկարայի ոչ մարդասիրական քաղաքականությանը սեփական երկրում եւ նվաճողական գործողություններին արտասահմանում: Չի կարելի հավանության արժանացնել մի կառավարության գործողությունները, ըստ որոնց խախտվում են սեփական քաղաքացիների իրավունքները, սահմանափակվում են քրիտոնյա համայնքների դավանության ազատությունը, մերժվում 1915 թվականի հայոց ցեղասպանությունը, իրականացվում Հայաստանի շրջափակումը եւ շարունակվում Կիպրոսի զավթումը, հայտարարել է ԱՀԱԿ-ը: Նշենք, որ օրինագծում, որի հեղինակն է Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Վեկսլերը, Թուրքիան ներկայացված է որպես հարուստ ժողովրդավարական ավանդույթներով Մերձարեւելյան երկիր, եւ մեջբերում է արվում ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Փոլ Վոլֆովիցի խոսքերն այն մասին, որ Թուրքիայի լրիվ ինտեգրացումը եվրոպական ինստիտուտներ համապատասխանում է ինչպես թուրք, այնպես էլ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդների շահերին: