14 հունիսի 2007 - 14:48 AMT
Անկախ Կոսովոյի հարցի լուծումից Հայաստանը կգնա Ղարաբաղի ինքնորոշման ճանապարհով
Հակամարտությունները աշխարհում եւ նրանց լուծումը Հայաստանի համար նախադեպ չեն: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունն եզակի է եւ Հայաստանը գնում է Ղարաբաղի ինքնորոշման ճանապարհով: «Շեղումներ այդ ուղուց չեն լինելու, անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ կստանա Կոսովոն: Եթե Կոսովոն անկախանա, դա կուժեղացնի Հայաստանի դիրքորոշումը, սակայն հակառակ դեպքում եւս մեր դիրքորոշումն անփոփոխ կմնա: Կոսովոյի խնդրում վտանգ կա, որ Արեւմուտքը, ձգտելով հանգստացնել մի շարք երկրների, այդ թվում նաեւ Վրաստանին, պնդում է, որ Կոսովոն չի կարող նախադեպ ծառայել այլ հակամարտությունների լուծման համար: Սակայն դա անթույլատրելի է, որ մեկ դեպքի պատճառով ինքնորոշման մնացած բոլոր գործընթացները համարվեն անիրագործելի եւ խոչընդոտներ ստեղծվեն նրանց համար»,-ասել է Օսկանյանը:

Նա նաեւ նշել է, որ միջազգային հանրությունը կարող է հայտարարել, որ անկախություն չի ստանում նույնիսկ Կոսովոն, հետեւաբար, խոսել Ղարաբաղի կամ այլ հակամարտությունների մասին չարժե: «Մեր խնդիրն է թույլ չտալ միջազգային հանրությանը ամրապնդվել այն մտքում., որ Կոսովոյի անկախությունը պատմության վերջն է եւ մյուս բոլոր գործընթացները չեն կարող որոշակի սահմանից այն կողմ անցնել: Մենք պետք է պայքարենք դրա դեմ եւ մենք դա անում ենք»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա հավելել է, որ միջազգային հանրությունը առանձնացնում է ղարաբաղյան հակամարտությունը ԱՊՀ տարածքի այլ հակամարտությունների շարքում եւ դիտում է Ղարաբաղը այլ համատեքստում: «Դա բանակցային գործընթաց է, որի հիմքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշումն է»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում: