14 հունիսի 2007 - 14:57 AMT
Ադրբեջանը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության լուծմանը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ Ադրբեջանը բանակցային գործընթացին այլընտրանք է համարում խնդրի ռազմական լուծումը: Այդ մասին հաղորդել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Բաքուն փորձում է հրաժարվել որոշ արդեն համաձայնեցված հարցերից: «Բանակցություններում խոչընդոտ է հանդիսանում նաեւ այն, որ Ադրբեջանը անզիջում դիրքորոշում է որդեգրել որոշ հարցերի վերաբերյալ: Ադրբեջանում հնչող կոշտ հրապարակային հայտարարությունները եւ այդ երկրի գործողությունները մի շարք միջազգային կազմակերպություններում համահունչ չեն բանակցությունների բովանդակությանը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ առանց այդ խոչընդոտների վերացման, հնարավոր չէ հասնել կարգավորման փոխզիջումների հիման վրա»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը գտնում է, որ Բաքվի կոշտ դիրքորոշումը աշխատում է հենց այդ երկրի դեմ, որը հասկանում է, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի:

«Ես կրկին ցանկանում եմ հավաստիացնել հայ ժողովրդին, որ առանց ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրման, մենք չենք խոսի երկրորդական եւ երրորդական հարցերի շուրջ: Տարածքների հարցերը վերաբերում են Ղարաբաղի բնակչության անվտանգության խնդրին: Հայկական կողմի բոլոր հայտարարությունները միշտ զգուշավոր եւ համահունչ են եղել այժմյան բանակցային գործընթացին»,-ասել է Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում: