ՏՄՊՊՀ. «Երևան Գարեջուր» ընկերությունից 110 մլն դրամ կբռնագանձվի

ՏՄՊՊՀ. «Երևան Գարեջուր» ընկերությունից  110 մլն դրամ կբռնագանձվի

PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, 2015-ի տարեվերջից սկսած, «Երևան գարեջուր» ընկերության կողմից արտադրվող գարեջրի գնի բարձրացում է արձանագրել՝ 1 լիտրի հաշվով 30 դրամի չափով: Հաշվի առնելով, որ ընկերությունը զբաղեցնում է գերիշխող դիրք և գրավում է շուկայի մոտ կեսը, ՏՄՊՊՀ-ը ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և շարունակել ուսումնասիրությունը` նպատակ ունենալով պարզել գնի բարձրացման հիմնավորվածությունը:

Հանձնաժողովին ներկայացրած պարզաբանումներում ընկերությունը նշում է, որ ավելացել են արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ որոշ ծախսեր և 6 տոկոսով կրճատվել են գարեջրի իրացման ծավալները, իսկ լրացուցիչ ստացված շահույթն ամբողջությամբ կփոխանցվի պետբյուջե:

Վերոնշյալ պարզաբանումների հիմնավորվածությունը մանրամասնորեն ուսումնասիրվել է Հանձնաժողովի կողմից: Պարզվել է, որ, գարեջրի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ հումքի՝ ածիկի, ինչպես նաև այլ ծախսերի ավելացում չի արձանագրվել: Հակառակը, որոշ ծախսեր նույնիսկ կրճատվել են: Չնայած այս հանգամանքին, ընկերությունը բարձրացրել է գարեջրի գինը՝ ստանալով 110 մլն դրամի լրացուցիչ շահույթ, որն էլ, Հանձնաժողովի որոշմամբ, ամբողջությամբ կգանձվի պետբյուջե:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ, ընկերությունը, գարեջուր ապրանքային շուկայում ունենալով գերիշխող դիրք, չարաշահել է այն և գործել մրցակցային օրենսդրության խախտումներով: Հանձնաժողովը հետևողական է հատկապես խոշոր ընկերությունների գործունեության հանդեպ և ևս մեկ անգամ հորդորում է աշխատել բացառապես արդար մրցակցության կաննոներով:

«Գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գործունեությունը մշտապես գտնվում է Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Նման տնտեսվարողները պետք է իրենց վարքագծով, ինչպես նաև գնային քաղաքականությամբ լինեն առավել զգոն, քանի որ նրանց անօրինական քայլերի հետևանքով տուժում են սպառողները, իսկ գլոբալ առումով նման գործելաոճը կարող է ազդել նաև մրցակցային ընդհանուր իրավիճակի վրա, ինչն անընդունելի վարքագիծ է»,-նշել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ մեկ անգամ ևս հորդորելով զերծ մնալ ապօրինի գործունեության իրականացումից:

Երևանի գարեջրի գործարանը հիմնադրվել է 1952թ.: 1997թ. վերակազմավորվել է բաժնետիրական ընկերության: Գործարանի ապրանքանիշն է «Կիլիկիա»-ն:Այսօր ձեռնարկությունում արտադրվում է գարեջրի 12, բնական հյութերի ու նեկտարների 10 և զովացուցիչ ըմպելիքների 13 տեսակ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---