14 հունիսի 2007 - 15:12 AMT
Ադրբեջանն ուղղակի խաղաքար է դառնում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար
«Ինձ չզարմացրեց Վ.Պուտինի հայտարարությունն, այն սպասելի էր եւ չափազանց հետաքրքիր: Այդ առաջարկը մեծ քաղաքականության մաս է կազմում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր անվտանգությանը սպառնալիք չկա, չէ որ խոսքը գնում է միայն ռադարի օգտագործման, այլ ոչ թե հրթիռների տեղակայման մասին»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, իրավիճակը Գաբալայի ՌԼԿ-ի շուրջ կարող է վնասել Ադրբեջանի հեղինակությանը, քանի որ այդ երկիրն ուղղակի խաղաքար է դառնում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար: «Պետք է հաշվի առնել նաեւ, որ ԱՄՆ-ն չի թաքցնում, որ այդ ամենն ուղղված է Իրանի դեմ: Այդ դեպքում բարդանում են ադրբեջանա-իրանական հարաբերությունները եւ թե ինչպես դրանք կզարգանան դժվար է ասել»,-ասել է Օսկանյանը` հավելելով, որ եթե Հայաստանին նման մի բան առաջարկվեր, ապա ինքը խորհուրդ կտար երկրի իշխանություններին հրաժարվել, քանի որ դա բարդ խնդիր է, որը խոցելի է դարձնում երկիրը:

Նա նաեւ հաղորդել է, որ Հայաստանը խորհրդակցում է, ցանկանալով ավելին իմանալ, թե կոնկրետ ինչ է նախատեսվում այդ առաջարկով: «Մենք մեր կարծիքը կհայտնենք այն ժամանակ, երբ զգանք, որ այդ գործընթացները կարող են սպառնալ Հայաստանի անվտանգությանը»,-ասել է Օսկանյանը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն թույլ չեն տա, որ երկու երկրների միջեւ կրկին «սառը պատերազմ» սկսվի: «Հարաբերությունները երկու երկրների միջեւ կարող են սրվել, սակայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն երբեք չեն գնա հարաբերությունների խզման, քանի որ դա չի համապատասխանում նրանց շահերին: Տարաձայնություններ կլինեն, սակայն դա չի հանգեցնի «սառը պատերազմի», այսինքն Հայաստանը չի հայտնվի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ընտրություն կատարելու անհրաժեշտության առջեւ եւ կկարողանա շարունակել իր փոխլրացման քաղաքականությունը»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Հայլիգենդամում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Պուտինն առաջարկել է ԱՄՆ նախագահ Ջ.Բուշին համատեղ օգտագործել Ռուսաստանի կողմից Ադրբեջանում վարձակալվող Գաբալայի ՌԼԿ-ն ԱՄՆ ՀՀՊ շրջանակներում: