«Սասնա ծռեր»-ից Արմեն Բիլյանին մեղադրել են ոստիկանի սպանության մեջ

«Սասնա ծռեր»-ից Արմեն Բիլյանին մեղադրել են ոստիկանի սպանության մեջ

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՊՊԾ գնդի ոստիկանության հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության կասկածանքով:

Տեղեկությունը հաստատել է նրա պաշտպան Արմինե Ֆանյանը, գրում է Armtimes.com-ը:

«Սասնա ծռերի» գործով կալանավորված Սմբատ Բարսեղյանին էլ մեղադրանք է առաջադրվել ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար:Այդ մասին է հայտարարել Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Բացի սպանության հոդվածից, Բիլյանի մեղադրանքը լրացվել է ՀՀ ՔՕ 238 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շորթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով): Այսպիսով՝ Արմեն Բիլյանը մեղադրվում է 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը), և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը), 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով:

Առաջարդված մեղադրանքներում Բիլյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Ավելին, նրա պաշտպանի խոսքով՝ Բիլյանը պնդում է, որ ՊՊԾ գնդի այն տարածքում, որտեղ սպանվել է Գագիկ Մկրտչյանը նա չի եղել. «Հետագայում մենք նոր ապացույցներ կներկայացնենք, ուղղակի այս պահին նախաքննության գաղտնիությունից ելնելով չեմ կարող շատ բան ասել: Իմ պաշտպանյալը ոստիկանին կյանքից զրկելու հետ որևէ առնչություն չունի, նա այդ հատվածում, որտեղ նշված ոստիկանը կյանքից զրկվել է չի եղել»,- ասել է Ֆանյանը:

Նա հավելել է. «Մենք միջնորդել ենք, որպեսզի այդ մեղադրանքը լրացնելու և փոփոխելու հիմքում դրված բոլոր ապացույցները մեզ ներկայացնեն: Սպասում ենք, վարույթն իրականացնող մարմնի միջնորդությանը, որպեսզի մեղադրյալ ներգրավելու նոր որոշումը բողոքարկենք հսկողություն իրականացնող դատախազին»:

Նա նաև ասել է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Բիլյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը:

45-ամյա ոստիկան Գագիկ Մկրտչյանը ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ին, ստացել էր կրծքային-որովայնային հրազենային վիրավորում, այնուհետև մահացել էր հիվանդանոցում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---