ՀՀ և Մոլդովայի միջև վիզային ռեժիմը չեղարկվել է

ՀՀ և Մոլդովայի միջև վիզային ռեժիմը չեղարկվել է

PanARMENIAN.Net - ՀՀ և Մոլդովայի միջև չեղարկվել է վիզային ռեժիմը: Այս մասին փաստաթուղթը ստորագրվել է նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և աշխատանքային այցով Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հանդիպմանը:

Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են չորս փաստաթուղթ՝ Հայաստանի և Մոլդովայի քաղաքացիների միջև մուտքի արտոնգագրի ռեժիմի վերացման, զբոսաշրջության, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը, երկու երկրի արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների 2017-2018 թթ. ծրագիրը, ապա հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Հանդիպումը մեկնարկել էր նախարարների առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով:

Էդվարդ Նալբանդյանը և Անդրեյ Գալբուրն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության սերտացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իր հերթին Գալբուրը ներկայացրել է Մոլդովայի եվրոպական ինտեգրման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման օրակարգում էր նաև տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Այս համատեքստում Նալբանդյանն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 18-ին: ՀՀ ևՄոլդովայի Հանրապետության միջև ապրանքաշրջանառության ծավալները 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով կազմել է մոտ 2.575.700 ԱՄՆ դոլար, 2013թ.՝ 1.554.500-ի փոխարեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---