17 նոյեմբերի 2016 - 16:02 AMT
«Սասնա ծռերից» Պետրոսյանին, Մանուկյանին ու Խանդոյանին առաջադրած մեղադրանքները լրացվել են

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին, Պավել Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին նոր մեղադրանք է առաջադրվել:

«Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքներին ավելացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը), 185-րդ հոդվածը՝ «Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»»,- Aysor.am-ին հայտնել է նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

Նա նշել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

«Բնականաբար, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, որովհետև գտնում է, որ իրենք քաղաքական ակցիա են արել, որի նպատակն է եղել երկրում օրինական իշխանություն ձևավորելը», - ասել է Բաղդասարյանը:

Մինչ այս, Պավել Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր. առաջադրված մեղադրանքին ավելացել է զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածը:

«Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով՝ գույք ոչնչացնելը և 218 հոդվածի 3-րդ մասով՝ պատանդ վերցնելը», - տեղեկացրել է Աշոտ Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նա նշել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքներից ոչ մեկը. «Հրաժարվեց ստանալ, ծանոթանալ գործին, նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները»:

Մինչ այս, Աշոտ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):

Ավելի վաղ, Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և որոշել է երկու ամսով երկարացնել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքի ժամկետը: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը, գրում է Panorama.am-ը:

Նա տեղեկացրել է, որ բացի մինչ այժմ ՀՀ Քր. oր-ի 235 «ապօրինի զենք պահելը» և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) Խանդոյանին առաջադրված մեղադրանքներից, ավելացվել են ևս մեկը՝ 238-րդ հոդվածի 4-րդ 1-ին և 2-րդ կետ ՝ «զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»:

«Ինչպես մյուս մեղադրանքները, այս մեղադրանքը ևս ապօրինի է: Ավելացված մեղադրանքի մասով քննիչը որևէ ապացույց չներկայացրեց», -ասել է Ղարագյոզյանը: Փաստաբանի ներկայացմամբ, Խանդոյանը, ճիշտ է, եղել է ՊՊԾ գնդում, սակայն զենքը վերցրել է ինքնապաշտպանվելու համար և հետո հանձնել է:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:

Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերից» Սմբատ Բարսեղյանին ոստիկանի սպանության մեղադրանք է առաջադրվել

«Սասնա ծռեր»-ից Արմեն Բիլյանին մեղադրել են ոստիկանի սպանության մեջ