Նախարարություն. ՀՀ էլէներգետիկայի շուկայի ազատականացման աշխատանքները մեկնարկել են

Նախարարություն. ՀՀ էլէներգետիկայի շուկայի ազատականացման աշխատանքները մեկնարկել են

PanARMENIAN.Net - Մեկնարկել են Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ համատեղ մշակվել է գործողությունների ծրագիր-ժամանակացույցի նախագիծը, որն ուղարկվել է շահագրգիռ կառույցներին՝ համակողմանի քննարկումներ իրականացնելու նպատակով։

Ամբողջացումից հետո 2017-ի առաջին կեսին այն կներկայացվի կառավարության հաստատմանը, տեղեկացնում է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի փոխանցմամբ, միաժամանակ աշխատանքներ են տարվում «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում սկզբունքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ.

«Դրանով մեկ շուկայի մոդելից անցնելու ենք մյուս մոդելին, որտեղ արդեն օրենքով թույլատրվելու են ներմուծել ազատականացման էլեմենտներ»:

Էներգետիկ շուկայի ազատականացումը Գալստյանի կարծիքով, ուղղակի ազդեցություն կունենա նաև սակագների վրա. «Մենք ակնկալում ենք, որ մրցակցային էլեմենտների օգտագործումը կնպաստի սակագների նվազեցմանը։ Մրցակցությունը, ի վերջո, նպաստում է ծախսերի կրճատմանը: Այդ պայմաններում յուրաքանչյուրը փորձում է նվազեցնել ծախսերը, որպեսզի շուկայում ունենա նպաստավոր դիրք և կարողանա իրացնել իր ապրանքը»։

Նրա կարծիքով, Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայի այսօրվա կառուցվածքը կատարելագործման կարիք ունի՝ աստիճանական ազատականացման, ինչպես նաև հարևան երկրների հետ էլեկտրաէներգիայի առևտրի բոլոր հնարավորությունների օգտագործման նպատակով։ Վերջին տարիների ընթացքում դրա համար ձևավորվել են բավարար նախադրյալներ։ Թեև մեծածախ շուկան ամբողջությամբ մրցակցայինի վերածելու հնարավորությունները դեռևս սահմանափակ են՝ էլեկտրաէներգիա արտադրող կայանների գների միջև առկա մեծ տարբերությունների պատճառով, այդուհանդերձ դա խոչընդոտ չէ հրաժարվել, այսպես ասած, միակ գնորդի մոդելից և հնարավորություն ստեղծել, որպեսզի շուկա մուտք ունենան նաև այլ մասնակիցներ։

Որպես այդպիսին, լիարժեք մրցակցային շուկայի ստեղծումը իրատեսական է համարվում տարածաշրջանային միասնական շուկայի ստեղծման պարագայում։ Ինչպես հայտնի է, այդ ուղղությամբ քայլերն արդեն մեկնարկել են։ Իրականացվող տարածաշրջանային մի շարք ծրագրերի արդյունքում ակնկալվում է մինչև 2019թ. ստեղծել դրա հիմքերը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արդեն ընդունվել է Հայաստանի էլեկտրաէներգետիկակայի շուկայի կատարելագործման և կարգավորման նոր գործիքների ներդրման հայեցակարգը, ինչպես նաև որակավորված սպառողների և մատակարարների ցանց մուտք գործելու կանոնակարգը։ Ըստ այդմ, շուկայի ազատականացման պայմաններում նախատեսվում է թե՛ արտադրողների, և թե՛ սպառողների պատասխանատվության մեխանիզմների կատարելագործում:

Այսօր ո՛չ արտադրող, և ո՛չ էլ խոշոր սպառող ընկերությունները պատասխանատվություն չեն կրում վաճառքի և սպառման (պատվիրակված հզորությունների) ծավալների համար, ինչը կարող է էլեկտրաէներգիայի արտադրության պլանավորված և փաստացի ծավալների շեղումների պատճառով անհամաչափ տատանումներ առաջացնել սակագնային կարգավորման ժամանակ։ Այս առումով միջազգային լավագույն փորձն այն է, որ և՛ արտադրողները, և՛ խոշոր (որակավորված) սպառողները հանդիսանում են պատասխանատվություն կրողներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---