15 հունիսի 2007 - 18:43 AMT
Կովկասյան-կասպյան հանձնաժողովը զեկույց կհրապարակի Հարավային Կովկասի հակամարտությունների վերաբերյալ
Կովկասյան-կասպյան հանձնաժողովը հանդես կգա զեկույցով Հարավային Կովկասի հակամարտությունների եւ տարածաշրջանային գործընթացներում ԵՄ-ի մասնակցության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Կովկասյան-կասպյան հանձնաժողովի փաստահավաք պատվիրակության անդամ Ջորջ Ռիդը ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

Կառլեն Ավետիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդր վերջին զարգացումների վերաբերյալ: Նա համոզմունք է հայտնել, որ Եվրոմիությունն իր ուրույն ներդրումը կունենա տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման ու ժողովուրդների հաշտեցման դժվարին գործում, հաղորդում է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության մամլո ծառայությունը: