15 հունիսի 2007 - 19:38 AMT
ԱՄՆ. Անհրաժեշտ է Հայկական ԱԷԿ-ը փոխարինել նորով
ԱՄՆ-ն գտնում է, որ անհրաժեշտ է Հայկական (Մեծամորի) ԱԷԿ-ը փոխարինել նոր ատոմակայանով: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: Միեւնույն ժամանակ Գոդֆրին նշել է, որ ԱՄՆ-ն աջակցման ծրագրերի շրջանակում աջակցել է ԱԷԿ-ի աշխատանքի վտանգների նվազեցմանը, սակայն դա բավարար չէ եւ անհրաժեշտ է Հայկական ԱԷԿ-ը փոխարինել նորով: Ըստ Գոդֆրիի, ԱՄՆ-ն բանակցում է Հայաստանի իշխանությունների հետ այդ խնդրի լավագույն լուծման որոնման շուրջ:

Է.Գոդֆրին տեղեկացրել է, որ Հայաստանի անկախացման պահից ի վեր, ԱՄՆ-ն տարբեր ծրագրերի շրջանակներում 1,6 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն է հատկացրել երկրին եւ այդ ցուցանիշն աճում է: «Դրանք տնտեսությանը, ժողովրդավարության աջակցման ծրագրեր են, ինչպես նաեւ ծրագրեր, որ ուղղված են պաշտպանության նախարարության համակարգի կատարելագործմանը»,-ասել է նա` հավելելով, որ վերջին տարվա ընթացքում ԱՄՆ-ն 20 մլն դոլար է հատկացրել Հայաստանին պաշտպանության նախարարության կառույցներում տարբեր միջոցառումների իրականացման նպատակով` անգլերենի ուսուցում, փորձի փոխանակում, հայկական խաղաղապահ գումարտակի վերածում բրիգադի: Ըստ Գոդֆրիի, ԱՄՆ-ի կողմից Հայաստանում իրագործված աջակցման բոլոր ծրագրերին, ինչպես նաեւ այդ ծրագրերին Հայաստանի շրջանների մասնակցությանը կարելի է ծանոթանալ հատուկ կայք էջում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 15-ին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: