18 նոյեմբերի 2016 - 11:29 AMT
Մկրտչյանը՝ Ուկրաինայի ԿԳ նախարարին. Միջպետական գիտական նախագծեր են պետք

Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլյա Գրինևիչին:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտներում երկու երկրի միջև նախկինում եղած կապերի վերականգնմանն ու ամրանդմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ այդ նպատակին հասնելու համար մեծ հնարավորություններ են ընձեռում նաև «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում իրականացվող համատեղ նախագծերը:

Անդրադառնալով գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Մկրտչյանը նշել է, որ ներկայում առաջնային է ինժեներատեխնիկական և գիտական կլաստերների ստեղծումը: Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է, օգտագործելով «Հորիզոն-2020» ծրագրի ընձեռած հնարավորությունները, գիտության տարբեր ուղղություններով մշակել միջպետական գիտական նախագծեր:

«Հորիզոն 2020»-ը Եվրոպական միության` գիտական ուսումնասիրությունների և նորարարությունների շրջանակային ծրագիրն է, որը փոխարինում է 2013-ին ավարտված շրջանակային ծրագիրը։ Դրա իրագործման համար ԵՄ-ի բյուջեից հատկացվում է 80 մլրդ եվրո։ Ծրագրի շրջանակում դրամաշնորհների ընդհանուր ֆոնդը կազմում է 80 մլրդ եվրո, որը ծրագրվում է տրամադրել մինչև 2020 թվականը, և ակնկալվում է, որ հայ գիտնականներն արդեն 2016 թվականը ֆինանսավորման կներկայացնեն առաջին ծրագրերը։

Հայաստանը«Հորիզոն 2020»-ի լիիրավ անդամ է դարձել 2016-ին:

Ուկրաինայի կրթության և գիտության նախարարը նշել է, որ «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում իրենք արդեն բավականաչափ փորձառություն ունեն, մասնավորապես ծրագրի շրջանակում ավելի քան 60 նորարարական, հետազոտական և գիտական ծրագրեր են իրականացրել և պատրաստ են կիսել իրենց փորձը, որը կնպաստի գիտության տարբեր ուղղություններով հորիզոնական կապերի ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրում իրականացվող կրթական բարեփոխումների գործընթացին: Ուկրաինացի նախարարը տեղեկացրել է, որ այժմ խորհրդարանի քննարկման է ներկայացվել հանրակրթության վերաբերյալ օրենքը, որով Ուկրաինան ևս նախատեսում է անցում կատարել 12-ամյա հանրակրթության մոդելին: Այս համատեքստում Ուկրաինային հետաքրքրել է Հայաստանի փորձը, ինչպես նաև Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության ծրագրերի պատմությունը:

Մկրտչյանը պատրաստակամություն հայտնելով ուկրաինական կողմին տրամադրել ինչպես 12-ամյա կրթության անցման, այնպես էլ ՀԲ-ի հետ հանրակրթության և բուհական համակարգի բարեփոխումների փորձը՚ առաջարկել է կրթության և գիտության ոլորտում համատեղ ծրագրերի, գիտական աշխատանքների և այլնի նպատակով առաջիկայում մտադրությունների հուշագիր ստորագրել: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում ընթացող բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:

«Հորիզոն» Համաձայնագրի շնորհիվ ՀՀ գիտական կազմակերպությունները, բուհերը, ասպիրանտներն ու անհատ հետազոտողները կկարողանան օգտվել «Հորիզոն-2020» ծրագրով ամենատարբեր ոլորտներում տրամադրվող բոլոր հնարավորություններից՝ հիմնարար գիտական բնագավառից մինչև ցուցադրական նախագծեր, նույն՝ ԵՄ անդամ պետությունների և ծրագրին միացած գործընկեր մյուս երկրների կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար նախատեսված պայմաններով:

Կարդացեք նաև՝ Նախարար. Նոյեմբերի 12-ից հայ գիտնականները կարող են մասնակցել «Հորիզոն-2020»-ի բոլոր մրցույթներին