16 հունիսի 2007 - 15:54 AMT
Դժվար է պատկերացնել` ինչպես է բացատրելու իր ռազմատենչ հայտարարությունները Ալիեւը Ղարաբաղի հարցով փոխզիջումային համաձայնագրի գալուց հետո
«ԵՄ-ն մեծ հետաքրքրությամբ էր հետեւում ընտրական գործընթացին, որի արդյունքները շատ կարեւոր էին նաեւ այն առումով, որ ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի ընդունումից հետո, Հայաստանը տարածաշրջանի երեք երկրներից առաջինն էր, որտեղ անցկացվեցին ընտրություններ: Հայաստանն այդ ընտրություններով օրինակ կարող է դառնալ հարեւանների համար»,- Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին` հավելելով, որ ընտրությունների արդյունքները տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների տեսանկյունից եւս կարեւոր էին: Իր հերթին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ արձանագրված դրական միտումները կպահպանվեն եւ ավելի կզարգանան` ոչ միայն առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ, այլեւ այդ ջանքերը կուղղվեն, ընդհանրապես, ժողովրդավարական գործընթացները Հայաստանում անկասելի դարձնելուն: Վստահեցումը Սերժ Սարգսյանն արել է ոչ միայն որպես ՀՀ կառավարության ղեկավար, այլ նաեւ` ՀՀԿ նախագահի անունից, նշելով, որ ասվածում համոզվելու համար մնացել է ընդամենը ութ ամիս:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանորեն խոսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Պիտեր Սեմնեբին ՀՀ վարչապետին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ այդ թեմայի շուրջ զրույցի մանրամասների մասին, նշելով, որ ԵՄ-ն շարունակում է մեծապես հետաքրքրված լինել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացով, ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար կարեւոր գործընկերներ են, այլեւ վստահության մթնոլորտ ստեղծելու եւ ավելի մեծ օժանդակություն ցուցաբերելու նպատակադրմամբ:

Վարչապետը ցավով է նշել, որ Ադրբեջանի նախագահի պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները, տարեցտարի պետական բյուջեում ռազմական ծախսերի մեծացումն, ի տարբերություն Հայաստանի լավատեսություն ներշնչող կառուցողական մոտեցման եւ խաղաղ բանակցային ճանապարհով հակամարտությունը լուծելու դիրքորոշման, միայն հոռետեսությամբ են համակում. «Եթե Ադրբեջանն իսկապես տրամադրված է փոխզիջումների եւ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը, ապա ինչո՞ւ այդ երկրի իշխանությունների կողմից նման դիրքորոշումը հաստատող հրապարակային հայտարարություններ չեն արվում, այլ գործում են հակառակ տրամաբանությամբ, թերեւս մտածելով, որ ուժի դիրքից հանդես գալով կստիպեն արագ եւ ի օգուտ իրենց փաստաթուղթ ստորագրել: Այդ մոտեցումը դատապարտված է»,- շեշտել է ՀՀ վարչապետը, նշելով, որ դժվար է պատկերացնել, թե ռազմատենչ հայտարարություններ անող Ադրբեջանի նախագահը բանակցություններում փոխզիջումային համաձայնության գալու պարագայում, ինչպե՞ս է ժողովրդին բացատրելու իր հայտարարությունների իմաստը:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է նաեւ, որ ԼՂՀ-ում առաջիկայում պատրաստվում են նախագահական ընտրությունների, եւ իր ընտրությունը կատարած Արցախի ժողովուրդը, պարզ չէ, թե նորընտիր նախագահին ի՞նչ պատվիրաններ է տալու եւ ըստ այդմ, ինչպիսի՞ դիրքորոշմամբ է հանդես գալու ԼՂՀ նախագահը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, կիսելով ՀՀ վարչապետի մտահոգությունը ադրբեջանական ռազմաշունչ քարոզչության հետ կապված, փորձել է դա բացատրել ադրբեջանական ԶԼՄ-ների գործելաոճով, ասելով, թե վերջին շրջանում նախագահ Ի.Ալիեւի մոտեցումներում նման դիրքորոշում, կարծես, չկա: Նա եւս մեկ անգամ ընդգծել է հակամարտությունը վստահության մթնոլորտում, խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու ԵՄ-ի մոտեցումը եւ հնարավորինս դրան նպաստելու պատրաստակամությունը:

Սերժ Սարգսյանը եւս վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը` շեշտելով, որ փոխզիջումը որեւէ մեկը չպետք է ընկալի որպես միակողմանի զիջում եւ պետք է հասկանալ, որ հակամարտությունը լուծելու խելամիտ որեւէ այլ ճանապարհ, քան փոխզիջումը` չկա: Ըստ վարչապետի, Հայաստանը պատրաստ է տարբեր մակարդակով շփումների ակտիվացմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանը, սակայն, ցավոք, մինչ այժմ նման դրական ազդակներ ադրբեջանական կողմից չեն եղել, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: