19 նոյեմբերի 2016 - 11:52 AMT
WSJ. Թրամփը Պենտագոնի ղեկավարի հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնի համար դիտարկում է գեներալներ Ջեյմս Մեթիսի, Դևիդ Պետրեուսի, Սթիվեն Հեդլիի, Ջիմ Թալենթի և Ջեք Քինի թեկնածությունները: Այս մասին Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրին հղումով հաղորդում է հեղինակավոր The Wall Street Journal-ը՝ ներկայացնելով թեկնածուների ցանկը:

Ըստ WSJ-ի, հիմնական թեկնածուն Ջեյմս Մեթիսն է: Մոտ ժամանակներս Նյու Ջերսիում սպասվում է նրա և Թրամփի հանդիպումը, որը դեռևս վերջնական որոշում չի կայացրել:

Ջեյմս Մեթիսը ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի օրոք գլխավորել է Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, ինչպես նաև ղեկավարել Մերձավոր Արևելում Միացյալ Նահանգների կողմից իրականցված ռազմական օպերացիաները:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: