ԵՆԲ-ն «Հյուսիս-հարավի» կառուցման համար 12 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի

ԵՆԲ-ն «Հյուսիս-հարավի» կառուցման համար 12 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի

PanARMENIAN.Net - Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքով» ֆինանսավորվող 12 մլն եվրո դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով տրամադրվող միջոցները կօժանդակեն Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելուն։

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» իրականացման 12 մլն եվրո դրամաշնորհը կֆինանսավորվի «Հարևանության ներդրումային գործիքի» բյուջեից: ՀՀ ՀՆԳ-ն տրամադրում է դրամաշնորհը Եվրոպական Հանձնաժողովի անունից: Դրամաշնորհն ունի երկու բաղադրիչ. առաջին բաղադրիչով սահմանված 6 մլն եվրո ներդրումային դրամաշնորհով կֆինանսավորվեն շինարարական աշխատանքներն ու մատակարարման ծախսերը, իսկ երկրորդ բաղադրիչով նախատեսված 6 մլն եվրոն կհատկացվի՝ որպես տեխնիկական աջակցություն: Այս համաձայնագրի նպատակն է սահմանել 6 մլն եվրո ներդրումային դրամաշնորհի ժամանակացույցն ու պայմանները: 6 մլն եվրո տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիրն արդեն ստորագրվել է 2015 թվականին:

«Մեծապես արժևորում եմ, որ Եվրոպական ներդրումային բանկն ու Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հետ միավորում են կարողություններն՝ ի նպաստ որակի չափանիշներին համապատասխանող, արդյունավետ և ապահով ճանապարհային ենթակառուցվածքի զարգացմանը, ժողովրդի կյանքի որակի բարելավմանն ու տնտեսական աճի ու տարածաշրջանային համագործակցության խթանմանը»,- ասել է Եվրոպական ներդրումային բանկի նախագահի տեղակալ Յան Վապաավուորին:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ ընդգծել է Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի կարևորությունը և շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը ՀՆԳ ֆոնդի միջոցով շարունակական աջակցության և դրամաշնորհային ռեսուրսների մոբիլիզացման իր աշխատանքների համար՝ առանձնացնելով Եվրոպական ներդրումային բանկի հետ արդյունավետ գործակցությունը միտված ենթակառուցվածքային զարգացմանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին էլ իր հերթին հավելել է, որ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, ճանապարահային հաղորդակցությունը անհրաժեշտություն է:

«Եվրոպական միությունը գոհ է, որ կարող է նպաստել ԵՆԲ-ի կողմից ձեռնարկվող ջանքերին ուղղված ՀՀ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկների Հայաստանում ավելի ազատ և ապահով տեղաշարժմանը և հարևան տարածքներ և շուկաներ նրանց ավելի դյուրին մուտք գործելուն»,- շեշտել է Սվիտալսկին:

2013 թվականին Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել է Հայաստանի կարևորագույն ավտոտրանսպորտային միջանցքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար 60 մլն եվրո վարկ տրամադրելու մասին պայմանագիր:

Ծրագիրը խթան կհանդիսանա Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար ու, նպաստելով տարածարջանային ինտեգրման ամրապնդմանը, զգալի օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին: Ֆինանսավորվող ծրագիրը հանդիսանում է հյուսիսից հարավ` Վրաստանի սահմանի Բավրայից Իրանի սահման` Մեղրի ձգվող Բավրա, Գյումրի, Աշտարակ, Երևան, Գորիս, Կապան և Մեղրի քաղաքներով անցնող 556 կմ երկարությամբ ճանապարհային միջանցքի բարելավմանն ուղղված հավակնոտ նախագծի բաղկացուցիչը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---