ՄԱԿ. Կիպրոսի հարցի շուրջ բանակցությունները փակուղի են մտել

ՄԱԿ. Կիպրոսի հարցի շուրջ բանակցությունները փակուղի են մտել

PanARMENIAN.Net - Կիպրոսի հարցի կարգավորման շրջանակում տարածքային հարցերի վերաբերյալ բանակցությունները, որոնք վերսկսվել էին Շվեյցարիայում, ավարտվել են անարդյունք: Այդպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և կիպրոսցի թուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքինջիի հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին շվեյցարական Մոն Պելերինում:

«Չնայած բոլոր ջանքերին, նրանք չկարողացան համաձայնության գալ տարածքային կարգավորման հարցում, ինչը ճանապարհ կհարթեր դեպի բանակցությունների ավարտական փուլ: Երկու կողմերը որոշել են վերադառնալ Կիպրոս և մտածել հետագա գործողությունների մասին»,-ասվում է հայտարարության մեջ:

Տարածքային հարցը, կամ տարածքային շտկումների հարցն ամենաբարդերից մեկն է միջհամայնքային բանակցություններում: Նախորդ փուլում կողմերը չեն կարողացել լուծել տարածքային խնդիրները, թեև հայտարարում էին «բանակցություններում առաջընթացի» մասին:

Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Կիպրոսի հունական և թուրքական մասերի ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել էր, թե «Կիպրոսի խնդրի հանգուցալուծմանը մի քայլ է մնացել»: ՄԱԿ գլխավոր քարտուղարի Կիպրոսի գծով հատուկ խորհրդական Էսպեն Բարտ Էյդեն հայտարարել էր զգալի առաջընթացի և մինչև տարեվերջ վերջնական համաձայնության հասնելու հնարավորության մասին:

Վերջին ամիսներին շփումները Կիպրոսի նախագահի և թուրք կիպրոսցիների առաջնորդի միջև ակտիվացել էին, նրանք հանդիպում էին ամեն շաբաթ:

Կիպրոսը դե ֆակտո կիսվել է երկու մասի 1974-ին` Թուրքիայի ռազմական ներխուժումից, որը թուրքերը պատճառաբանեցին հույն զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այն տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը:

Ընթերցեք նաև. Միջկիպրոսյան բանակցություններում առաջին անգամ տարածքային հարցեր կշոշափվեն

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---