Պետդեպը զգուշացնում է Եվրոպայի ամբողջ տարածքում ահաբեկչությունների սպառնալիքի մասին

Պետդեպը զգուշացնում է Եվրոպայի ամբողջ տարածքում ահաբեկչությունների սպառնալիքի մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես զգուշացրել է երկրի քաղաքացիներին առաջիկա տոներին «Եվրոպայի ամբողջ տարածքում» ահաբեկչությունների վտանգի մասին:

«Հավաստի տեղեկատվությունը վկայում է, որ «Իսլամական պետությունը», «Ալ Քայիդան» և նրա ստորաբաժանումները շարունակում են ահաբեկչություններ ծրագրել Եվրոպայում` շեշտը դնելով առաջիկա տոնական օրերին և դրա հետ կապված իրադարձությունների վրա»,-ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ «ահաբեկիչները կարող են տարբեր մարտավարությամբ առաջնորդվել, օգտագործել ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական տեսակի զենք` որպես թիրախ ընտրելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր շահերը»:

Հատկապես խորհուրդ է տրվում զգոն լինել զբոսաշրջային վայրերում, տրանսպորտում, առևտրի կետերում և մարդկանց կուտակման այլ վայրերում:

«Եվրոպական իշխանությունները շարունակում են շուրջկալները` կասեցնելու համար ահաբեկչական դավադրությունները: ԱՄՆ և եվրոպացի գործընկերների միջև կանոնավոր շփում է ընթանում` խափանելու համար ահաբեկչական դավադրություններն ու պաշտպանվելու համար պոտենցիալ վտանգից»,-ասվում է փաստաթղթում:

Նոյեմբերի 21-ին Ֆրանսիայում հակաահաբեկչական շուրջկալի շրջանակում 7 մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնյովը: Ըստ ՆԳՆ տվյալների, տարեսկզբից ի վեր ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով 418 մարդ է ձերբակալվել:

2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների 3 համակարգված խումբ մի շարք հարձակումներ գործեց Փարիզում և Սեն Դենիում: 130 մարդ զոհվեց, ավելի քան 350-ը վիրավորվեց: Մարտի 22-ի երեկոյան երկու պայթյուն որոտաց Բրյուսելի օդանավակայանում: 14 մարդ զոհվեց, ևս 100-ը վիրավորվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---