22 նոյեմբերի 2016 - 12:57 AMT
Եգիպտոսի Վճռաբեկ դատարանը չեղարկել է նախկին նախագահ Մուրսիի ցմահ ազատազրկումը

Եգիպտոսի ՎՃռաբեկ դատարանը չեղարկել է նախկին նախագահ Մուրսիի ցմահ ազատազրկման դատավճիռը: Որոշումը կայացվել է նոյեմբերի 22-ին միջազգային «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության և պաղեստինյան «Համաս» խմբավորման օգտին լրտեսելու գործով նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի և նրա կողմնակիցների ներկայացրած հայցի հիման վրա:

Դատական նիստը հեռարձակել է Եգիպտոսի հեռուստատեսությունը:

Մասնավորապես չեղյալ է համարվել Մուրսիի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռն ու «Մահմեդական եղբայրների» առաջնորդներից մեկի` Հեյնաթ աշ Շատերի մահապատիժը:

Եգիպտոսի վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին չեղարկել է երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին մահապատժի ենթարկելու վերաբերյալ դատավճիռն ու կարգադրել է գործով նոր լսումներ անցկացնել:

Մուհամմեդ Մուրսիի փաստաբանները բողոքարկել էին նրա ցմահ ազատազրկման և մահապտժի վերաբերյալ դատավճիռները 2015-ի օգոստոսին:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Պաշտոնանկությունից հետո Մուրսին ձերբակալվել է և նրան մի շարք մեղադրանքներ են առաջադրվել: 2012-ի դեկտեմբերի ցուցարարների սպանության մեղսակցության մեղադրանքով նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման առանց վաղաժամ ազատվելու իրավունքի, իսկ «ՀԱՄԱՍ» խմբավորման և Քաթարի օգտին լրտեսության մեղադրանքով դատապարտվել է երկու ցմահ ազատազրկման:

Ընթերցեք նաև. Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի մահապատժի վճիռը չեղյալ է համարվել