20 հունիսի 2007 - 15:50 AMT
Ո՞մ է Ադրբեջանը փորձում համոզել իր բանակի բարձր մարտունակության մեջ
«Ադրբեջանի զինված ուժերը բավականաչափ հանդերձված են եւ ուսանած, զենքի ուժով ղարաբաղյան հարցը լուծելու համար: Դրա համար անհրաժեշտ է միայն նախագահի հրամանը: Սակայն դեռեւս սպառված չեն խաղաղ կարգավորման բոլոր հնարավորությունները: Խաղաղ միջոցը մենք լավագույնն ենք համարում գրավյալ տարածքների ազատագրման համար»,-այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն` մեկնաբանելով տեղական հասարակական գործիչների հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման անհրաժեշտության մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավարը անհիմն է անվանել օտարերկրյա մամուլում տպագրված այն վերլուծությունները, թե Ադրբեջանի բանակը թույլ է եւ պատրաստ չէ հաջող ռազմական գործողությունների: «Այդ խոսքերը քաղաքական ենթատեքստ ունեն եւ չեն արտացոլում իրականությունը: Մեր բանակը զինված է արդիական զենքով, ունի բարձր ռազմական կարգապահություն եւ զինծառայողների բարոյական ոգին եւս բարձր է»,-ընդգծել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ամերիկյան արտաքին քաղաքականության եւ ռազմական հարցերով փորձագետ Ուեյնի Մերին «անիրատեսական» է որակել ադրբեջանական բլից կրիգի մասին մշտական սպառնալիքները: «Լեռնային Ղարաբաղը բնական ամրոց է, որն էլ ավելի են ուժեղացրել հայկական զինված միավորումները. նույնիսկ ամերիկյան բանակը դժվարություններ կունենա այն գրոհելու դեպքում»,- հայտարարել է Մերին: «Հայկական զորամիավորումները, մարտական պատրաստության առումով, մի քանի անգամ գերազանցում են հակառակորդին: Գաղտնիք չէ, որ հայերը ունեն բանակ, իսկ Ադրբեջանը` ընդամենը «զինված ուժեր»,- շեշտել է փորձագետը: Պատերազմի վերսկսման դեպքում, ըստ Մերիի, Ադրբեջանը հույսը դնելու է մարդկային ռեսուրսների, իսկ հայկական կողմը` սպառազինության ու մարտունակության գերակայության վրա: «Հաղթող ճանաչվելու համար հայերին բավական է պաշտպանել Ղարաբաղը, մինչդեռ Ադրբեջանին հաղթելու համար անհրաժեշտ է գրավել ամբողջ Ղարաբաղը, ինչը անհնար է»,- համոզված է ամերիկյան փորձագետը: Հաշվի առնելով այս ամենը, Ուեյնի Մերին միանշանակ կարելի է համարում եզրակացնել, թե ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը հաջողության չի հասնի: Ամերիկացի փորձագետի խոսքով, ռազմաշունչ հռետորությունը որ որդեգրել է պաշտոնական Բաքուն, ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք է ստեղծում: