ՍԱՊԾ. Երշիկի որոշ տեսակները նորմերին չեն համապատասխանում, դիտարկումներ են իրականացվում

ՍԱՊԾ. Երշիկի որոշ տեսակները նորմերին չեն համապատասխանում, դիտարկումներ են իրականացվում

PanARMENIAN.Net - Փորձաքննության արդյունքներով՝ ամբողջական փաթեթավորված «Մարիլա» ՍՊԸ-ի նոյեմբերի 8-ի արտադրության «Բարձր կարգի» բժշկական եփած երշիկը և «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի նոյեմբերի 15-ին արտադրության «Կլասիկ» բժշկական եփած երշիկը մանրէաբանական՝ ՄԱՖԱՄ, ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված նորմերին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Սահմանված նորմերի հիման վրա ծառայությունը համապատասխան գործողություններ կիրականացնի արտադրողների մոտ:

Ծառայության պետի հրամանով՝ նշված ընկերություններում իրականացվում են դիտարկումներ՝ ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները: Արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:

«Աթենք» ՍՊԸ-ի նոյեմբերի 11-ի արտադրության «Բարձր կարգի» եփած բժշկական երշիկի, «Բեկոն» ՍՊԸ-ի նոյեմբերի 11-ի արտադրության բժշկական «Ընտանեկան» երշիկի և «Աթենք» ՍՊԸ-ի նոյեմբերի 15-ի արտադրության «Գանձասար» բժշկական եփած երշիկի նմուշներում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն նշում է նաև, որ նոյեմբերի 14-ին իրացման ցանցից նմուշառումներ կատարելու և տեղական արտադրության բժշկական երշիկների տեսականին փորձաքննության ենթարկելու առաջարկով «Հետք» լրատվամիջոցը դիմել էր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

Քանի որ պետական վերահսկողության ժամանակ սննդամթերքի անվտանգության մանրէաբանական ցուցանիշներով փորձաքննությունների մրցույթը շահել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան, նույն օրը նմուշառված երշիկները ներկայացվել են հենց այդ լաբորատորիա: «Հետք»-ը, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն նմուշներն իր ընտրությամբ պետք է հանձներ հավատարմագրված մեկ այլ լաբորատորիա: Դիտարկման օրը, սակայն, «Հետք»-ը նմուշներ չի վերցրել և այլ լաբորատորիա չի ներկայացրել, տեղեկացնում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն:

Նմուշառված կտորով երշիկները լաբորատոր հետազոտությունների համար հիմք չեն կարող հանդիսանալ, քանի որ դրանք նմուշառման ժամանակ արդեն ունեն երկրորդային աղտոտվածություն: Ծառայությունը հետագայում կանդրադառնա նաև այս խնդիրներին:

Նոյեմբերի 11-ին վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպում է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման ուղիները:

Հանդիպմանը վարչապետը «շանտղություն» է որակել սննդի որակի հետ կապված չարաշահումները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---