Ուսումնասիրություն. ՀՀ դպրոցներում 20.000 համակարգիչ կա, որոնց 20%-ը հնացած է

Ուսումնասիրություն. ՀՀ դպրոցներում 20.000 համակարգիչ կա, որոնց 20%-ը հնացած է

PanARMENIAN.Net - ՀՀ դպրոցներում 20.000 համակարգիչ է գործում, որոնցից 20%-ը հին է: Այս մասին տեղեկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

Քննարկման ընթացքում գյուղական դպրոցների և հեռավար կրթության զարգացման ՀՀ կառավարության հանձնարարականի կատարման շրջանակում ամփոփվել են կազմակերպված տեսադասերը, դրանց ընթացքում կիրառված մեթոդական մոտեցումներն ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետությունը:

Հանդիպմանը կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է հանրակրթության դպրոցներում իրականացված էլեկտրոնային հագեցվածության գնահատման ուսումնասիրության արդյուքները: Ըստ այդմ՝ Հայաստանի դպրոցներում այս պահին մոտ 20 հազար միավոր համակարգիչ կա, որոնցից մոտ 20 տոկոսը հին են և չեն համապատասխանում այսօրվա տեխնոլոգիական պահանջներին:

ԿՏԱԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ ուսուցիչների կողմից ՏՀՏ գործիքների կիրառման մոտիվացիան շատ ցածր է գնահատվում: Հեռահաղորդակցության մեթոդները դասերի ժամանակ ակտիվորեն կիրառում են ընդհանուր առմամբ 500-600 ուսուցիչ, չնայած որ գործում է «Պաշարների շտեմարան» կայքը, որը պարունակում է մոտ 5600 էլեկտրոնային պաշար:

Ներկայացնելով հանդիպման նպատակը՝ ԿԳ նախարա Լևոն Մկրտչյանը նշել է, որ հանրապետության վարչապետի կողմից տրված հատուկ հանձնարականով վերջին մեկուկես ամսվա ընթացքում նախարարության կողմից կազմակերպվել են տեսադասեր, որոնք իրականացվել են Երևանի, մարզկենտրոնների և գյուղական դպրոցների մասնակցությամբ:

ԿԳ նախարարը հավելել է, որ գալիք սեպտեմբերի 1-ից էլեկտրոնային կամ հեռավար կրթությունը պետք է դառնա դպրոցական կյանքի անբաժանելի բաղադրիչ և կիրառելի ուսուցման մեթոդ:

ԿԳ նախարարը նշել է, որ հիմնական խնդիրը դասավանդման մեջ ՏՀՏ գործիքների կիրառման տարածականության ապահովումն է, քանի որ հանրապետությունում գործող ավելի քան 1400 դպրոցը կրթության որակի և տեխնոլոգիական հագեցվածության առումով տարբեր մակարդակների վրա են գտնվում, հետևաբար առաջատար դպրոցներն իրենց վրա պետք է վերցնեն լոկոմոտիվի դերը:

Այդ համատեքստում կարևորվել է այն հանգանքը, որ Համաշխարհային բանկի կրթության ոլորտի վարկային ծրագրի շրջանակում իրականացվում է ուսուցիչների վերապատրաստման կարիքի գնահատում և այդ նպատակով հայտարարված մրցույթում արդեն ընտրվել է հաղթող միջազգային կազմակերպություն:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է «Այբ», ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ, «Քվանտ», «Ֆոտոն» /Գյումրի/, «Էվրիկա» /Վանաձոր/, Երևանի թիվ 198 ավագ դպրոցներում կիրառվող փորձը, մասնավորապես անդրադարձ է եղել ՏՀՏ ընկերությունների կողմից առաջարկվող մի քանի նոր գործիքների մեթոդական կիրառմանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հիմնական նպատակը մեկն է՝ ուսուցիչներին սովորեցնել, թե ինչպես կարող են ՏՀՏ գործիքի կիրառմամբ ուսումնական նյութ ստանալ: Հանձնարվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը երկշաբաթյա ժամկետում կներկայցնի ՀՀ դպրոցներում մինչև սեպտեմբեր էլեկտրոնային կրթություն ներդնելու միջոցառումների ժամանակացույց:

Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում նոյեմբերի 11-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում կազմակերպվել է հերթական հեռավար դասը՝ Տավուշի մարզի Բերդավան, Սյունիքի մարզի Շաքի, Լոռու մարզի Լեռնապար և Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղերի միջնակարգ դպրոցների հետ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ ապահովել՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---