ՊՆ. 1000 դրամների վճարումը կամավոր դարձնելու տարբերակը քննարկվում է

ՊՆ. 1000 դրամների վճարումը կամավոր դարձնելու տարբերակը քննարկվում է

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը քննարկում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման համար 1000 դրամների վճարումը կամավոր դարձնելու տարբերակը։ Նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ մինչ այդ օրինագծի երկրորդ ընթերցումը որոշակի փոփոխություններ հնարավոր են։

1000 դրամը պարտադիրից կամավոր դարձնելու տարբերակը քննարկվում է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առաջարկով։

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ընդունվել է։Օրենքի նախագիծն անցել է 101 կողմ, 3 դեմ և 0 ձեռպահ քվեարկությամբ:Դեմ են քվեարկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով դեռ վաղ է ասել, թե ինչ վերջնական տեսք կունենա օրինագիծը, բայց այն հիմա մասնագիտական խմբերի կողմից վերանայվում է, զուգահեռ Պաշտպանության նախարարությունում քննարկումներ են անցկացվում մասնագետների և ոչ մասնագետների հետ։

Իշխող հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ կարծում է, որ հարցը պետք է խորը վերլուծվի, բայց կամավորության սկզբունքը ներդնելու դեպքում պետք է քննարկել նաև առաջացող բարդությունները և դրանից ավելացող կազմակերպչական ծախսերը։

Ընդդիմության մի մասը, մինչդեռ, շարունակում է պնդել, որ այդ նպատակի համար գումար պետք է տա պետությունը: Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով դիմում գրելով 1000 դրամ վճարելուց հրաժարվելու տարբերակում ժողովրդին բարոյական ճնշման են ենթարկում։

ՀՀ կառավարության նոյեմբերի 11-ի նիստում որոշվել է, որ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար նախատեսված հատուկ կառույց կստեղծվի, որին կուղղվի յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրամաշնորհային վճարը:

2017թ հունվարի 28-ից հետո մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Այնուհետև, եթե զոհվածը սպա է, նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարական դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է և երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն և համապատասխանաբարար՝ 250, 150 և 100 հազարական դրամ։ Նախատեսվում են նաև այլ փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու և այլ դեպքերի համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---