Արդյունաբերողների և գործարարների միությունը քննադատել է ՏՄՊՊՀ՝ «Երևանի գարեջրին» տուգանելու որոշումը

Արդյունաբերողների և գործարարների միությունը քննադատել է ՏՄՊՊՀ՝ «Երևանի գարեջրին» տուգանելու որոշումը

PanARMENIAN.Net - ՀՀ ՏՄՊՊՀ՝ «Երևանի գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամի չափով տուգանելու մասին որոշումը զուրկ է բովանդակային ծանրաբեռնվածությունից: Այս մասին հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը՝ նշելով, որորոշման որոշ դրույթներ պարզապես հակասում են շուկայի տրամաբանությանը:

«Դժվար է հասկանալ, թե խիստ մրցակցային դաշտում ապրանքի գնի բարձրացումը (ինչը ենթադրում է բյուջեի լրացուցիչ մուտքեր) ինչպես կարելի է դիտարկել որպես գերիշխող դիրքի չարաշահում: Հասկանալի չէ նաև, թե ինչ չափանիշներով է հանձնաժողովն ապրանքի գնի բարձրացումը դիտարկում որպես չհիմնավորված՝ դրանով իսկ սահմանափակելով տնտեսվարող սուբյեկտի իրավունքները գնային քաղաքականության իրականացման հարցում»,- ասված է հայտարարության տեքստում:

Նշվում է նաև, որ լուրջ տարակուսանք են առաջացնում նաև հանձնաժողովի գործելաոճը, դրան անհրաժեշտ թափանցիկության պակասը:

«ՏՄՊՊՀ-ի որոշման վերլուծությունը մեզ հիմք է տալիս նաև հայտարարելու, որ լուրջ փոփոխությունների կարիք ունի «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը՝ բացառելու համար այնտեղ առկա իրարամերժ դրույթներն ու տարընթերցումի հնարավորութունը, ինչը, փաստորեն, ցանկության դեպքում, կարող է օգտագործվել միակողմանի և կամայական որոշումների կայացման համար:

Կարծում ենք, որ քննարկվող որոշման ընդունումն անարդարացիորեն հարվածում է ներքին և արտաքին շուկաներում ճանաչում ձեռք բերած ընկերության վարկանիշին և հակասում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հռչակված պետություն-բիզնես փոխհարաբերությունների ձևավորման սկզբունքներին»:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հույս է հայտնել, որ հանձնաժողովը կկասեցնի որոշման ընդունումը և կձեռնարկի մասնագիտական թափանցիկ քննարկումներ՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, 2015-ի տարեվերջից սկսած, «Երևան գարեջուր»(ապրանքանիշը՝ «Կիլիկիա») ընկերության կողմից արտադրվող գարեջրի գնի բարձրացում է արձանագրել՝ 1 լիտրի հաշվով 30 դրամի չափով: Հաշվի առնելով, որ ընկերությունը զբաղեցնում է գերիշխող դիրք և գրավում է շուկայի մոտ կեսը, ՏՄՊՊՀ-ը ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և շարունակել ուսումնասիրությունը` նպատակ ունենալով պարզել գնի բարձրացման հիմնավորվածությունը:Պարզվել է, որ, գարեջրի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ հումքի՝ ածիկի, ինչպես նաև այլ ծախսերի ավելացում չի արձանագրվել: Հակառակը, որոշ ծախսեր նույնիսկ կրճատվել են: Չնայած այս հանգամանքին, ընկերությունը բարձրացրել է գարեջրի գինը՝ ստանալով 110 մլն դրամի լրացուցիչ շահույթ, որն էլ, Հանձնաժողովի որոշմամբ, ամբողջությամբ կգանձվի պետբյուջե:

Կարդացեք նաև՝ Վարչապետը՝ «Երևանի գարեջրին» 110 մլն-ով տուգանելու մասին. Ջանքերն ուղղեք առաջնային սպառման ապրանքների շուկաներ

«Երևան գարեջրի» տնօրինությունը ՏՄՊՊՀ-ի` 110 մլն դրամի տուգանքի որոշումը կվիճարկի դատարանում

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---