Վարչապետը Քաղավիացիայի պետին հանձնարարել է ներկայացնել 2017-ին բացվող ավիաուղղությունները

Վարչապետը Քաղավիացիայի պետին հանձնարարել է ներկայացնել 2017-ին բացվող ավիաուղղությունները

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին կառավարության նիստում հանձնարարել է մինչև տարեվերջ ներկայացնել 2017-ին գործարկվելիք նոր ավիաուղղությունները, հայտնում է Aysor.am-ը:

«Հաջորդ տարվա համար հստակ դրված խնդիրներ կա՞ն, քանի նոր ուղղություններ եք ցանկանում ապահովել՝ օգտվելով «Բաց երկնքի» քաղաքականության հնարավորությունից», - հետաքրքրվել է Կարեն Կարապետյանը:

Սերգեյ Ավետիսյանը պատասխանել է, որ թվային արտահայտությամբ այս պահին չի կարող ասել քանի ուղղություն կբացվի, բայց կանեն ամեն ինչ, որպեսզի ուղղություններն առավելագույնս բացվեն և ուղևորների հոսքն աճի:

«Պետք է հետևողական լինեք, խնդրում եմ, մինչև տարվա վերջ գոնե ուրվագծեք, որպեսզի հասկանանք, թե տարվա կտրվածքով դուք ձեր առջև ինչ խնդիր եք դնում», - հավելել է վարչապետը:

2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։

ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---