Խուրշուդյանը՝ օլիմպիական բրոնզը վերադարձնելու մասին. «Կան օրենքներ, որոնց պետք է հետևել»

Խուրշուդյանը՝ օլիմպիական բրոնզը վերադարձնելու մասին. «Կան օրենքներ, որոնց պետք է հետևել»

PanARMENIAN.Net - Ցավալի է 4 տարի անց հրաժարվել մեծ դժվարությամբ ու երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում վաստակած մեդալից, սակայն կան օրենքներ, որոնց պետք է հետևել: Այս մասին նոյեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ անդրադառնալով Միջազգային օլիմպիական կոմիտեի հրապարակած զեկույցին:

ՄՕԿ-ի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել այն մասին, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցների դոպինգ նմուշների վերահետազոտման հիման վրա Հայաստանի ներկայացուցիչ 29-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է օլիմպիական բրոնզե մեդալից։ Հայտարարության մեջ ասվում է, որ ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի օլիմպիական մրցմանը մասնակցած Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ նմուշի մեջ հայտնաբերվել են տուրինաբոլ և ստանոզոլ արգելված դեղամիջցներ:

Խուրշուդյանը տեղեկացրել է, որ իր հետագա քայլերն անմիջականորեն կապված են ՄՕԿ-ի որոշումից, հաղորդում է Հանրային ռադիոն:

«Դեռ որոշում կայացված չէ և որակազրկման մասին տեղեկություններ չկան: Նման պայմաններում կշարունակեմ մարզվել, մինչև տեսնենք, թե ինչ կլինի: Դեռ ժամկետներ տրված չեն, իսկ մինչև այդ ես շարունակելու եմ մարզումներս: Այժմ կսպասենք որոշմանը, թե քանի տարով են ինձ որակազրկելու: Եթե երկար տարիներով չլինի կշարունակեմ մարզումներս և կմնամ մեծ սպորտում: Իսկ եթե ժամկետը երկար լինի, արդեն որոշել եմ՝ հետագայում ցանկանում եմ դառնալ միջազգային կարգի մրցավար»,- ասել է մարզուհին:

Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքանի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը չի բացառել, որ, հնարավոր է, Հռիփսիմեից միայն մեդալը հետ պահանջեն և չորակազրկեն:

«Մենք պատասխանել ենք կոմիտեին և ասել, որ համաձայն ենք լաբորատորիայի արդյունքների հետ` ինչ որոշում ուզում են թող կայացնեն», - ասել է նա` ավելացնելով, որ ոչ մի քայլ չեն պատրաստվում անել մեդալը պահելու համար, մեջբերում է Aysor.am-ը:

Փաշիկ Ալավերդյանը նշել է նաև, որ տեստեստերոնի մակարդակը բարձրացնելու համար բոլորն էլ օգտագործում են դոպինգ, բայց մրցումներից 100-120 օր առաջ պիտի դադարեցնեն դրա օգտագործումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---