25 նոյեմբերի 2016 - 13:57 AMT
Միջազգային ճգնաժամային խումբ. ԵՄ-ն չճանաչված պետությունների հետ համագործակցության ձևաչափ պիտի գտնի

Ի՞նչ կարող է անել Եվրոպական Միությունը հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների կապն արտաքին աշխարհի հետ պահպանելու և այդ պետություններում բնակվող մարդկանց իրավունքները պաշտպանելու առումով. Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Միջին Ասիայի ծրագրի ղեկավար Մագդալենա Գրոնոն կազմակերպության կայքում հրապարակված հոդվածում փորձում է պատասխանել այս հարցին:

Panorama.am-ը գրում է, որ Գրոնոն առաջարկում է վերաիմաստավորել ժամանակին ԵՄ կողմից առաջարկված և Եվրոպական խորհրդարանում բանաձևի տեսքով ընդունված «ներգրավում առանց ճանաչման» քաղաքականությունը չճանաչված հանրապետությունների հետ հարաբերություններում:

«Եվրոպական Միությունը ունի որոշակի աջակցության ռեսուրսներ: 2007-ին ԵՄ-ն Վրաստանի անջատողական ռեգիոնների համար առաջարակել էր «ներգրավում առանց ճանաչման» ստեղծագործ քաղաքականությունը: Սակայն 2008-ին պատերազմը փոխեց ամեն ինչ: Դրանից հետո Վրաստանն ավելի սահմանափակող քաղաքականություն որդեգրեց, որը գործնականում անհնար դարձրեց լուրջ ներգրավումը [չճանաչված միավորների հետ]: 2014-ին Ղրիմի բռնակցումն այս քաղաքականության ենթատեքստը դարձրեց ավելի զգայուն: Ինչևէ, սկզբունքը գոյություն ունի և կարող է վերածրագրավորվել պրագմատիկ և ապաքաղաքական լուծումների նպատակով այս և մյուս կոնֆլիկտային ռեգիոններում», - գրում է Ճգնաժամային խմբի ծրագրի ղեկավարը:

Միջազգային ճգնաժամային խումբը, որը հայտնի է տարբեր կոնֆլիկտների, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր ազդեցիկ հետազոտություններով և քաղաքական առաջարկություններով, ըստ էության, առաջարկում է Բրյուսելին այլևս չտրվել նախկին մետրոպոլիաների ճնշումներին և ինքնուրույն քաղաքականություն իրականացնել ԵՄ սահմաններից դուրս:

«Կոնֆլիկտային տարածաշրջաններում հարկավոր է քաջալերել ուսանողներին դիմել եվրոպական համալսարանների կրթական ծրագրերին՝ անկախ վիզայի կամ դիպլոմների ճանաչման խնդրից: Սա կարևոր սկիզբ կարող է լինել: Այլ տիպի ակադեմիական ներթափանցումը և գործակցությունը նույնպես կարևոր կլինի», - գրում է Մագդալենա Գրոնոն:

Գրոնոն հավելում է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքում Բաքուն նյարդայնանում է Ստեփանակերտի արտաքին կապերի զարգացման համար, քանի որ նախկին մետրոպոլիայի իշխանությունները վախենում են, որ անջատողական միավորները արդյունքում արտաքին աջակցություն կստանան և դա ավելի կուժեղացնի անջատողական շարժումները:

«Բայց արդյո՞ք անջատված հանրապետության ֆուտբոլային թիմի արտագնա խաղը բացի սպորտային միջոցառումից նաև քաղաքական նշանակություն կունենա», - հռետորական հարց է ուղղում Գրոնոն: