26 նոյեմբերի 2016 - 11:11 AMT
Հալեպի հայկական թաղամասերը հրթիռակոծվել են

Հալեպի հայկական երկու Նոր Գյուղ ու Սուլեյմանիե թաղամասերի վրա հրթիռներ են ընկել: «Արևելք»-ը հաղորդում է, որ հրթիռներ են ընկել նաև Հայ կաթողիկե «Զվարնթոց» եկեղեցու շրջանում: Երկու հրթիռը, բարեբախտաբար, չեն պայթել:

Նոր Գյուղ թաղամասում զոհվել է մեկ, վիրավորվել չորս մարդ: Նշվում է, որ Հալեպի բոլոր ծայրամասերում թեժ մարտեր են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ռազմական փորձագետներն ապացուցել են՝ սիրիացի գրոհայինները մարտական թունավոր նյութ` իպրիտ են կիրառել Հալեպ գավառում խաղաղ բնակչության դեմ:

Իպրիտը կիրառվել է սեպտեմբերին Մարատ Ում Հաուշ բնակավայրի մոտ: Այդ մասին հայտնել են ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության փորձագետները, հայտնում է «Ինտերֆաքսը»: